Deutsche Welle գերմանական մեդիաընկերության լրագրողներին առաջարկել են ուղեկցել կանցլեր Օլաֆ Շոլցին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշրայթը:
Այդ հայտարարությամբ նա արձագանքել է Der Tagesspiegel գերմանական պարբերականի պնդմանն այն մասին, թե «Ռուսաստանի ղեկավարության հետ թյուրիմացություններից խուսափելու համար Գերմանիայի կառավարությունը մերժել է կանցլերին ուղեկցող լրագրողների խմբում ընդգրկվելու Deutsche Welle-ի դիմումը»:
Շոլցը փետրվարի 15-ին է մեկնելու Ռուսաստան: Դրանից մեկ օր առաջ նա կայցելի Կիև:
Այցերի հիմնական նպատակն է քննարկել Ուկրաինայի շուրջ առաջացած լարվածությունը թուլացնելու խնդիրը:
Շոլցին ուղեկցող լրագրողների կազմի ընտրությանը լրացուցիչ հետաքրքրություն է հաղորդում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդամենն օրեր առաջ ընդունած որոշումը Ռուսաստանում Deutsche Welle-ի գործունեությունը դադարեցնելու մասին:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե այդ քայլին է դիմել ի պատասխան Գերմանիայում Ռուսաստանի պետության աջակցությամբ գործող Russia Today մեդիաընկերության YouTube ալիքի արգելքին։