Պնդելով, թե մոտ երկու տարի առաջ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասում է Սահմանադրությանը՝ Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան։
Ընդ որում, ներկա ու նախկին տարբեր պաշտոնյաների գույքի ծագումն ուսումնասիրող իրավապահների տեսադաշտում հայտնվել են նաև պատգամավորներ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններից։
Բարձր դատարանը ընդդիմադիրների նոյեմբերին ուղարկած դիմումը վարույթ դեռ չի ընդունել, առայժմ ուսումնասիրում են այն։ Քանի դեռ Բարձր դատարանը որոշում չի կայացրել վարույթ ընդունել- չընդունելու մասին, ընդդիմադիրները չեն մանրամասնում, թե ըստ իրենց օրենքի որ հոդվածն է հակասում Սահմանադրությանը։
Դիմումը Բարձր դատարանում ներկայացնող նախկին արդարադատության նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը փոխանցեց՝ մանրամասները կներկայացնեն վարույթ ընդունելու մասին որոշումից հետո. - «Հենց որ իրենք ընդունեցին վարույթ, կամ ժամկետը լրացավ՝ մերժեցին վարույթ ընդունելը, երկու դեպքում էլ կխոսեմ։
Մոտ երկու տարի առաջ ընդունված օրենքը հնարավորություն է տալիս Գլխավոր դատախազությունում ձևավորած նոր վարչությանը ուսումնասիրել քաղաքացուն պատկանող գույքը օրինական, թե անօրինական ճանապարհով է ձեռքբերվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Վլադիմիր Գասպարյանի գործի նախաքննությունըԱնցած ամիսներին արդեն դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի գույքի վերաբերյալ գործերը։ Վերջնական գնահատականը, թե այս պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքը օրինական է, թե ոչ, կտա դատարանը։ Ու մինչ ընդդիմադիրները կասկածի տակ են դնում անօրինական եկամուտի շնորհիվ հարստանալու և կոռուպցիայի դեմ պայքարող նորաստեղծ օրենքը, Գլխավոր դատախազությունը հայտարարում է՝ ուսումնասիրում են ընդդիմադիր 6 պատգամավորի գույքն ու եկամուտները։
Թե ովքեր են նրանք և ինչ փուլում է գտնվում այդ ուսումնասիրությունը, դատախազությունը դեռ մանրամասներ չի հաղորդում։ Հայտնի է միայն, որ ապօրինի գույքի ծագման օրինականության ստուգման դաշտում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազությունԴեռ անցած դեկտեմբերին Օհանյանը ծանուցում էր ստացել Գլխավոր դատախազությունից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով: Թե ինչ է հաջորդել այս հրավերին, դատախազությունը և Օհանյանի փաստաբանը չեն մանրամասնում։
Համաձայն Բարձր դատարանում վիճարկվող օրենքի, դատախազության ուսումնասիրության առարկա կարող են դառնալ քրեական գործերով անցնող անձանց պատկանող գույքն ու եկամուտները, եթե այդ անձինք մեղադրվում են Քրեական օրենսգրքի հատուկ մատնանշված հոդվածներով։ Նախկին պաշտպանության նախարար Օհանյանից բացի, այդպիսի հովածներով մեղադրվում են Մեղրիի նախկին քաղաքապետ, պատգամավոր Մխիթար Զաքարյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ, պատգամավոր Արթուր Սարգսյանը, նույն խմբակցության պատգամավորներ, ընտրական հանցագործության համար մեղադրվող պրոֆեսոր Արմեն Չարչյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, նաև Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը։
Արթուր Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, նաև Արմեն Չարչյանի փաստաբանները փոխանցեցին՝ իրենք տեղեկացված չեն դատախազությունում ընթացող ուսումնասիրության մասին։
«Այդ ապօրինի ծագում ունեցող գույքերը պետք էր ձեռք բերել հանցավոր ճանապարհով։ Սովորաբար դա վերաբերում է այն հանցակազմերին... փողերի լվացման, կաշառքի, տնտեսական բնույթի հանցագործություններին։ Տվյալ պարագայում, պարոն Չարչյանի մասով, խոսքը գնում է ենթադրյալ ընտրական հանցագործության մասին, որտեղ ոչ մի ձև խոսք չի գնում ապօրինի գույքի մասին։ Ավելին ասեմ՝ անգամ այս քրեական վարույթի շրջանակներում նրա սեփականության իրավունքը որևէ կերպ սահմանափակված չի եղել», - ասում է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով, եթե իր պաշտպանյալի գույքը դատախազության ուսումնասիրության թիրախում է, ապա իրենք պետք է տեղեկացված լինեին։ Միևնույն ժամանակ, Ալեքսանյանը սխալ է համարում ընտրական հանցագործության համար մեղադրվող անձի գույքը դարձնել կասկածի առարկա, այդ առումով ընդդիմադիրների դիմումը Բարձր դատարանում տեղին կարող է լինել, ասաց Ալեքսանյանը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ, ուսումնասիրության սկզբում քաղաքացիներին այդ մասին չեն հայտնում, դրա մասին նրանց տեղեկացնում են դատարանի որոշումից հետո, երբ կալանքի տակ է դրվում գույքն ու դրամական միջոցները։ Միևնույն ժամանակ, դրանից հետո նաև դատախազությունն է տեղեկացնում, ինչպես նաև Ազդարար համակարգում հրապարակվում է ծանուցում, որով նրանք կանչվում են դատախազություն՝ ծանոթանալու արդեն կատարված ուսումնասիրությանը։
«Սա արվում է շահագրգիռ անձանց կողմից այս գործընթացը արհեստական խոչընդոտներ ստեղծելու կամ գույքից ազատվելու ռիսկերից ապահովագրելու նպատակով», - ասաց գլխավոր դատախազի խորհրդականը։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով, ընդդիմադիրների բարձրացրած հարցը տեղին է՝ օրենքը Սահմանադրության հետ խնդիրներ ունի։ Այդ մասին, ըստ փորձագետի, իրենք վաղուց են տեղյակ պահել իշխանություններին։ Առաջինը, թերևս, այն է, որ օրենքը հնարավորություն է տալիս հետ գնալ մինչև 1990-ականներ, երբ չէր գործում հայտարարագրման համակարգը, և փաստորեն հիմա քաղաքացին ինքը պետք է ապացուցի, թե ինչպես է հարստացել տարիներ առաջ, օրինակ՝ կարող է հայտարարել, որ նախնիներից ստացած ժառանգության շնորհիվ է դարձել խոշոր գույքի սեփականատեր։
Կա նաև այլ խնդիր. - «Եվրոպական դատարանը մի քանի որոշումներով արձանագրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով չի թույլատրվում ժամկետների համընկնում նույն հարցով քրեական վարույթների և քաղաքացիական վարույթի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Գասպարյանին հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեղադրանք առաջադրվեց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապօրինի ծագում ունեցող գույքի հունձք է սպասվում. Կարեն Անդրեասյան«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, սակայն, համաձան չէ Մարտիրոսյանի հետ։ Ոչ միայն Սահմանադրության հետ հակասություններ չկան, այլև ընդդիմադիրները, դիմելով Բարձր դատարան, փորձում են պաշտպանել իրենց ունեցվածքը. - «Լուրջ օրակարգերի մեջ իրենք չեն մտնում։ Իրենք չեն մտնում սահմանադրական բարեփոխումների մեջ, իրենք չեմ մտնում բազմաթիվ այլ պրոցեսների մեջ, իրենց գլխավոր նպատակը իրենք դարձրել են թալանածը պաշտպանելը»։
Ընդհանուր առմամբ, դատախազությունն ուսումնասիրում է ավելի քան 200 գործ։ Դեռևս դատարանի՝ ուժի մեջ մտած որոշում չկա, որով կհաստատվի անօրինական ճանապարհով ձեռքբերված գույքի և փողի փաստը։