Կյանքի 64-րդ տարում, երկարատև հիվանդությունից մահացել է կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
Նա ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը,1994-ին հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։
2001-ից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ էր, 2009-ից՝ խորհրդատու։
Գրիգորյանը «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունների, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումների, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերի հեղինակն էր։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
Կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. «Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են: Արթուր Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ունեցել է բեղմնավոր գործունեություն, որը էստրադային երգավերստին տվել է բազմաթիվ երիտասարդ կատարողներ, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեցնում մեր երգարվեստում: Տաղանդների հայտնաբերման գործում պարոն Գրիգորյանի կազմակերպած «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերի դերակատարումը դժվար է գերագնահատել։
Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումը անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»: