Վլե Ֆերոյանը հունվարի 31-ին զորակոչվել էր բանակ, մեկ օր անց փախուստի էր դիմել զորամասից։
«Ասեց, որ գալիս եմ, արդեն ճամփեն եմ։ Էդքան վախտ մնացել էր էդ կողմերի գյուղերը, անտառների մեջ ա մնացել էրեխեն։ Ասի՝ մի հատ տաքսի բռնի, արի։ Փող չունի, բան չունի», - «Ազատությանը» պատմեց Ռուզաննա Ֆերոյանը։
Երեկ էին զինվորի հարազատները ահազանգել, որ տղան զորամասից անհետացել է, որևէ տեղեկություն չունեն։ Միայն զորակոչվելու հենց հաջորդ օրը զանգահարել ու ահազանգել է, որ իրեն ճնշում են, ծեծում են, ստիպում են զուգարան մաքրել։
Ֆերոյանի պապն ասում է, որ թոռը զանգահարել է, երբ ինքը նրան նոր էր բարի ծառայություն մաղթել ու Կապանից վերադառնալու ճանապարհին էր. - «Պապի, ասում ա, ճնշում են գործում։ Իրա հետ մի հատ եզդի ա էղել, երկու եզդիներին կանչել են, ինչ-որ ճնշում են գործել, որ տանեն զուգարանը, ինչ ա, մաքրել տան։ Սրանք էլ հրաժարվել են...»
Ըստ Սերոբ Շումոյանի, ազգությամբ եզդի մեկ այլ զինծառայողի նկատմամբ էլ են զորամասի սպաները բռնություն գործադրել։ Երկու տղաներին էլ, ասում է, ճաշարան ու զորանոց չեն թողել, դրսում են մնացել։ Պապը կարծում է, որ այս ճնշումների հիմքում տղաների ազգությունն է։
Մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի դիտարկմամբ, վերջին տարիներին զինված ուժերում ազգությամբ եզդի զինծառայողների նկատմամբ խտրական վերաբերմունք չեն դիտարկել։
«Ազգային խտրականություն... չի կարելի։ Մենք միշտ դարերից դար մի աղբրի ջուր ենք խմել... Մեր հայրենիքն ա էսի, մեր հայրենիքը», - ասում է Սերոբ Շումոյանը։
Կապանի զորամասի հրամանատարը Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի փորձագետներին այլ բան է պատմել. զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, հրամանատարն անձամբ օրինակ է ցույց տվել, մաքրել է իր սենյակը։ Զինվորը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մաքրություն անել։
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով, հստակն այն է, որ մաքրության թեմա է եղել. - «Ես կարծում եմ, ամեն դեպքում այնպիսի բան է ասվել և այնպիսի պարտադրանք է ներկայացվել, որ նսեմացուցիչ է եղել զինվորի համար, և նա դիմել է այդ ծայրահեղ քայլին։ Այնուամենայնիվ, մենք պիտի արձանագրենք, որ նույնիսկ իրեն հատկացված տարածքը մաքրելու պարտադրանքը չի նպաստում Հայկական բանակի մարտունակության բարձրացմանը։ Մենք 21-րդ դարում ենք, մենք պետք է զինվորի հետ աշխատենք, զինվորը կրթություն ստանա, զինվորը մարզվի, որ իր մարտունակությունը բարձրանա բանակում, այլ ոչ թե նրան նսեմացնելով՝ փորձենք պարտադրել ինչ-որ բաներ»։
«Արտառոցն այն է, որ միջադեպը տեղի ունեցել զինծառայության անցնելուց ժամեր անց, իսկ մենք բանակի ռեսթարթի ու վերազինման մասին ենք խոսում», - շեշտում է Թովմասյանը։ - «Նորակոչիկը դեռ պետք է ադապտացվի, նրան պետք է օգնեն, որպեսզի նոր միջավայրին համարվի։ Դրա փոխարեն, ըստ էության, նրան առաջադրել են պահանջներ, որ իր պատկերացմամբ, անընդունելի և անընկալելի են, և նա ստիպված է եղել դիմել ծայրահեղ քայլի»։
Նորակոչիկ Ֆերոյանի պապը ասում է՝ զինվորական կարգուկանոնից ընտանիքում տեղյակ են։ Նա պնդում է, որ զուգարան մաքրելու պարտադրանք եղել է։ Եվ ինչպես են վիրավորել, որ կորել է տղան, չի հանգստանում պապը։
Ռազմական ոստիկանության Կապանի բաժնում այժմ նյութեր են նախապատրաստվում։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ոչ հրամանատարությանը, ոչ էլ զինծառայողի հարազատներին չի հավատում. - «Ես որևէ մեկին չեմ հավատում։ Ես հավատում եմ քննության արդյունքներին»։
Փոխնախարարը վստահեցնում է, որ նախարարից սկսած բոլորով շահագրգիռ են, որ պարզվի ճշմարտությունը։ Եթե բռնության փաստ լինի, կլինեն հետևանքներ, ասաց նա. - «Եթե պարզվի, որ մեղավորը եղել է որևէ հրամանատար կամ ծառայակիցներից որևէ մեկը, արդեն գնահատականներ կտրվեն նրանց արարքներին»։
Նորակոչիկ Վլե Ֆերոյանի հարազատները Պաշտպանության նախարարությունից մեկ ակնկալիք ունեն՝ տղան ծառայության չվերադառնա նույն զորամաս։