Շատ մոտ ենք արձանագրելու եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները. Փաշինյան

Մենք շատ մոտ ենք արձանագրելու կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը երեկ հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Փաշինյանն այսօր որոշ մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ Օվերչուկի երեկվա այցն ամբողջությամբ գործնական էր և նվիրված էր Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։

«Մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք և երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։ Եվ երեկվա այցն, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման և շինարարության մեկնարկի ու ֆինանսավորման հարցերը», - ասաց վարչապետը՝ նշելով՝ այս դինամիկայով շարունակելու պարագայում կարող են վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին տեղեկացրեց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ռուսական կողմի հետ պարբերաբար երկկողմ երկկողմ շփումներ են ունենալու, քանի որ ենթակառուցվածքի օպերատորը Հարավկովկասյան երկաթուղիներն են։

Armenia-

«Մենք ճիշտ ենք համարում այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում։ Նախագծային փուլից սկսած ճիշտ է, որպեսզի օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ կառուցվի ու դրանից հետո անմիջապես շահագործվի՝ առանց խութերի և խոչընդոտների», - ասաց Գրիգորյանը։

44-օրյա պատերազմին հաջորդած ավելի քան մեկ տարվա բանակցություններից և բրյուսելյան՝ Փաշինյան-Ալիև մի քանի ժամանոց հանդիպումներից հետո, հստակեցվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Չնայած երկաթուղու վերագործարկման շուրջ հստակ հայտարարություն հնչեց բրյուսելյան բանակցություններից հետո, սակայն պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ և փոխվարչապետերի մասնակցությամբ գործող եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում՝ նոյեմբերի 26-ին Սոչիի Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում