Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մոլորակի երկրներին կոչ է անում աստիճանաբար թուլացնել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված արգելքները:
ԱՀԿ-ն ընդգծում է, որ դա պետք է տեղի ունենա զուսպ և դանդաղ եղանակով, քանի որ, ըստ թարմ տվյալների, աշխարհում վերջին ժամանակաշրջանում շեշտակի ավելացել է կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը:
«Վաղաժամ է [կորոնավիրուսի առումով] որևէ երկրի համար թե՛ հանձնվել և թե՛ հաղթանակ հռչակել: Այս վիրուսը շատ վտանգավոր է և մեր աչքի առաջ շարունակում է զարգանալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում և վերլուծում է «օմիկրոնի» ենթատեսակի՝ մտահոգություն հարուցող չորս տարբերակների, այդ թվում՝ B.A.2-ի զարգացման ընթացքը»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Կառույցի մասնագետների համոզմամբ, շատ երկրներում «օմիկրոնի» տարածումը դեռ գագաթնակետին չի հասել, հետևաբար, սահմանափակումների թուլացումը պետք է դանդաղ և քայլ առ քայլ իրագործել: