Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Նրանք քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, հաղորդում է Մհեր Գրիգորյանի աշխատակազմը:
Փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Մհեր Գրիգորյանը օրերս ասել էր, որ առաջիկա հանդիպման ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի` չհամաձայնելով, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո համաձայնության գալ չի հաջողվել։ Նա հիշեցրել էր նաև, որ առնվազն երկաթգծի հարցով կա փոխըմբռնում։
Աշխատանքային խմբի վերջին հանդիպումը դեկտեմբերի 1-ին էր կայացել:
Մի քանի այլ հարցեր ևս, այդ թվում` ռուս-հայկական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը Գրիգորյանի ու Օվերչուկի այսօրվա հանդիպման օրակարգում են եղել։