Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախօրեին հարցազրույց է տվել «Խաբար» պետական հեռուստաընկերությանը։ Նա կրկին հայտարարել է, որ հունվարի սկզբին Ղազախստանը ենթարկվել էր ահաբեկչական հարձակման։ Պնդել է, որ միջադեպերի միջազգային քննության կարիք Ղազախստանը չունի, բանտերում խոշտանգումների մասին լուրերը համարել է չափազանցված։
Հունվարյան իրադարձությունների ականատեսների վկայությամբ Ալմաթիում հունվարի 6-ին զինվորականները կրակ էին բացել խաղաղ ցուցարների վրա, որոնք պահել էին «Մենք ահաբեկիչներ չենք» գրությամբ մի մեծ պաստառ։
«Խաբար»-ի հարցազրույցում Տոկաևն ընդունել է, որ հունվարյան իրադարձություններում եղել են նաև խաղաղ ցուցարարներ, բայց պնդել է, որ ուժայինները նրանց վրա կրակ չեն բացել։
Արևմուտքը քննադատել էր Տոկաևին հունվարյան իրադարձությունների ժամանակ առանց նախազգուշացման կրակ բացելու հրամանի համար։
Պաշտոնական տվյալներով՝ բռնությունների հետևանքով Ղազախստանում 225 մարդ է զոհվել, այդ թվում՝ ուժային կառույցների 19 աշխատակից։
Սոցիոլագ Սերիկ Բեյսեմբաևն ասել է, թե Տոկաևի հարցազրույցից մարդիկ ցանկանում էին գոնե ցավակցական խոսքեր լսել, բայց այդ էլ չկար։
Իրավապաշտպան Մաքս Բոկաևն ասել է, թե Տոկաևի հարցազրույցի հիմնական ասելիքը ուղղված էր երկրի կլաններին ու կառավարական համակարգի բյուրոկրատներին՝ մի վախեցեք, փոփոխություններ չեն լինի։