Վաղը տեղի կունենա Բլինքենի և Լավրովի հեռախոսազրույցը

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ:

Վաղը՝ փետրվարի 1-ին, տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Դեմ առ դեմ հանդիպում չի նախատեսվում, վաղը տեղի կունենա հեռախոսազրույց», - ասել է Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտնել էր, որ Բլինքենը և Լավրովն այս շաբաթ պետք է բանակցեն:

Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ և, մասնավորապես, հստակ խոստում առ այն, որ Ուկրաինան և Վրաստանը չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:

Բացի այդ, ռուսական կողմը Հյուսիսատլանտյան դաշինքից պահանջում է հեռացնել ռազմական ենթակառուցվածքը 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրների տարածքից:

Արևմուտքը մերժել է Մոսկվայի այդ պահանջները, սակայն նշել է, որ պատրաստ է հաշվի առնել ռուսների արտահայտած մտահոգություններն ու շարունակել բանակցություններն անվտանգության հարցերի շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքը դուրս հանել դաշինքին 1997-ից հետո միացած երկրներից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները, սակայն բաց է հետագա բանակցությունների համար