Հայաստանի հյուսիսը կարող է դառնալ ձմեռային էքստրիմ տուրիզմի կենտրոն

Սնոուքայթինգը Շիրակի մարզում, հունվար, 2022թ․

Հայաստանի հյուսիսը դարձնել ձմեռային էքստրիմ տուրիզմի կենտրոն՝ նման նպատակ ունի Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Աշոցքն ու Ամասիան, ըստ Պետրոսյանի, մեծ պոտենցիալ ունեն ձմեռային տուրիզմի համար, քանի որ այնտեղ ձյան շերտը բավականին հաստ է ու համեմատաբար երկար է մնում։

«Ակնհայտ է, որ ձյան շերտը շատ նեղանում է Հայաստանում, և այս տեսանկյունից է նաև Շիրակի մարզի առավելությունը, որ ինչ-որ ժամանակ հետո ձյան, ձյունե հանգիստ, ակնհայտ է, որ շատ քիչ տեղերում Հայաստանում հնարավոր կլինի, իսկ Աշոցքում և Ամասիայում դա հնարավոր կլինի», - ասում է նախկին մարզպետը։

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը զրուցում է «Ազատության» հետ

10 տարի սիրողական սնոուքայթինգով՝ ձնագնացությամբ զբաղվելուց հետո Պետրոսյանն ընկերների հետ ստեղծել է ձմեռային հանգստի ծառայություններ առաջարկող «Նորթ Ադվենչըրզ Արմինիա»՝ «Հայաստանի հյուսիսային արկածներ» կազմակերպությունը։ Ըստ Պետրոսյանի՝ արդեն հետաքրքրություն կա նաև եվրոպական երկներից, ոմանք Շիրակի հյուսիսը համեմատում են Նորվեգիայի հետ․ - «Սնոուքայինգը, որը սքայթբորդինգի ձմեռային տարատեսակն է, երբ քամու միջոցով դու սահում ես ձյան վրա, պահանջում է, օրինակ, ոչ սուր ժայռեր, ավելի ողորկ, ավելի մեծ դաշտավայրային, ավելի հաստ ձյան շերտեր, ինչը, օրինակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանները շատ նպատակահարմար են։ Այն մարդիկ, ովքեր միջազգային փորձ ունեին և ում հյուրընկալել ենք մենք Հայաստանում, նրանք շատ հաճախ Հայաստանի հյուսիսը համեմատում են Նորվեգիայի հետ»։

Ձմեռային հանգիստն աշխարհում համարվում է թանկ հաճույք: Դրա սիրահարները նոր ուղղություններ են փնտրում: Միջազգային տենդեցներն են ուսումնասիրել ու համոզված են, որ Աշոցքում ու Ամասիայում կարելի է կազմակերպել շուկայում մեծ պահանջարկ ունեցող լուռ տուրիզմը․ - «Մենք նկատում ենք, որ այսօր, օրինակ, շատ ակտիվանում է հանգիստ, լուռ տուրիզմի շուկան։ Մարդիկ մեծամասամբ արդեն հոգնել են մեծ կուրորտներից, մեծ հանգստյան գոտիներից, որտեղ շատ մարդ կա, և նաև քովիդի իրականությունը որոշակի առումով փոխեց, և մարդիկ փորձում են ուղղություններ, որտեղ աղմուկը քիչ է, որտեղ մարդու՝ բնության վրա ներգործությունը շատ քիչ է եղել, որտեղ կարելի է մերձենալ բնության հետ։ Մենք զգում ենք, որ այդ իրողությունը նաև Շիրակի մարզը, ինչու չէ՝ Հայաստանի հյուսիսը կարող է շատ լավ առաջարկել»։

Միջազգային գործընկերների հետ են համագործակցում և Շիրակի հյուսիսի հնարավորություններն են առաջարկելու ոլորտի առաջատարներին․ - «Սկսել ենք բանակցություններ մի քանի միջազգային ոլորտային արտադրողների հետ, ոլորտային կազմակերպությունների հետ, մեծ գլոբալ միջազգային շարժումների՝ սպորտային կամ տուրիստական շարժումների մաս դառնալու և նաև այդ շուկաներում Հայաստանը ներկայացնելու»։

Հայաստանի հյուսիսում Եվրամիությունն իրականացնում է տուրիզմի զարգացման ծրագրեր: «Նորթ Ադվենչըրզ Արմինիա» ակումբին ևս Եվրամիությունը դրամաշնորհ է տրամադրել․ - «Ունեցանք շատ լավ գործընկեր՝ ի դեմս «Եվրամիությունը բիզնեսի համար» իրենց տուրիստական այդ ծրագրով, և իրենց աջակցությամբ մենք հիմա հենց կոնկրետ սնոուքայթինգի և սքիթուրինգի՝ այս երկու ծրագրերի, երկու կոմպոնենտների զարգացում ենք իրականացնում Շիրակի մարզում իրենց անմիջական աջակցությամբ, նոր տեսակի՝ խիստ թիրախային, լեռնային պայմանների համար հատուկ նախատեսված գույք ենք ձեռք բերում»։

Ձնագնացությամբ՝ սնոուքայթինգով զբաղվելու համար միջազգային շուկայում գինը 6 ժամվա համար մինչև 250 դոլարի է հասնում: Հայաստանում պայմաններն ավելի մատչելի են, նախաձեռնողները հույս ունեն, որ իրենց գնային առաջարկով սպորտաձևի սիրահարների հոսք կապահովվի:

«Փորձելու ենք այդ արկածներ նվիրելու կոնցեպտը զարգացնել՝ սկսած շատ փոքր, շատ պարզ արկածներից, վերջացրած շատ մեծ, շատ էքստրեմալ և շատ մեր իրողության համար երբեմն նույնիսկ նոր թվացող՝ այսինքն, չգիտեմ, ուղղաթիռներով լեռներ իջնելու և այնտեղից սահելու։ Այս կոնցեպտները հիմա ամբողջությամբ քննարկում ենք, մենք փորձելու ենք շատ լայն, հետաքրքիր նոր սեգմենտ բացել շուկայի համար», - ասում է Տիգրան Պետրոսյանը։

Արման Ղուկասյանը, ով թիմի անդամներից է, Աշոցք ու Ամասիա տուրեր է կազմակերպում։ Ասում է՝ գիշերային, այդ թվում՝ ստորգետնյա, տուրեր ևս առաջարկում են ավելի սուր էքստրիմի սիրահարներին: «Իրականացնում ենք ստորգետնյա տուրեր՝ դրանք Սովետական Միությունից մնացած բունկերներն են, թունելներն են, որտեղ այցելելը նույնպես սուր զգացողություններ են, սուր զգացողությունները ստացվում են բացարձակ մեծության և բացարձակ լռության պայմաններում», - պատմում է Ղուկասյանը։

Էքստրիմ տուրզմի համար առկա ճանապարհները խոչընդոտ չեն: Բայց, ամեն դեպքում, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ կան, ասում է նախկին մարզպետը․ - «Օրինակ՝ խնդիր ունենք սանհանգույցների առկայության, փոքր սրճարանների կամ հացատների առկայության տարբեր միջավայրերում, երբ որ կարելի է տեղում տաքանալ և ոչ թե երկար ճանապարհ անել, հետ գալ։ Այսինքն՝ եթե դու կարող էիր դաշտում մնայիր երկու ժամ և հետո կարիք ունես հանգստի տաք միջավայրում, այդ իրողության մեջ դու կարող ես չորս-հինգ ժամ միանգամից այդ տարածքում մնալ և շատ ավելի շատ ծառայություններ պատվիրել և նաև շատ ավելի շատ օգտվել տեղի տարբեր ծառայություններից»։

Եթե Շիրակի մարզի հյուսիսում տուրիզմը զարգանա, ապա ցածր կենսամակարդակ ունեցող գյուղական բնակավայրերի բնակիչների համար հյուրանատնային բիզնեսը կարող է այլընտրանքային եկամտի աղբյուր դառնալ: