Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները, քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային գործընթացները։
«Նախարարներն ընդգծել են, որ իրանական ընկերությունները շուտով կսկսեն աշխատել Ադրբեջանի ազատագրված տարածքներում կոնկրետ նախագծերի վրա, և կարծիքներ են փոխանակել այս թեմայի շուրջ», - հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զրույցի ընթացքում պայմանավորվել են առաջիկա մարտին Բաքվում ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համատեղ նիստ կազմակերպել։
Ըստ իրանական կողմի պաշտոնական աղբյուրների՝ նախարար Աբդոլահիանը ադրբեջանցի պաշտոնակցին «հորդորել է դյուրացնել երկու երկրների միջև վիզային ռեժիմը՝ մասնավորապես ուսանողների և գործարարների համար»։
Կողմերը հաղորդում են առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարարի Թեհրան կատարելիք այցի մասին, նախատեսվում է նաև Իրանի խորհրդարանական պատվիրակության այցը Բաքու, առաջիկայում Ադրբեջանի մայրաքաղաքում կգումարվի երկու երկրների համատեղ հյուպատոսական հանձնաժողովի նիստ։