Ուշագրավ միջոցառումներով նշվելու է Յուրի Երզնկյանի 100-ամյակը

Հունվարի 26-ին լրացավ հայ կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը։ Այն նշանավորվեց Կինեմատոգրաֆիստների միություն տեղի ունեցած «Յուրի Երզնկյան» խորագրով օրերս հրատարակված գրքի շնորհանդեսով։

Գիրքը կազմել է նրա դուստրը՝ անվանի կինոգետ, Կինոյի և թատրոնի ինստիտուտի երկարամյա պրոֆեսոր Անետա Երզնկյանը։ Գրքում տեղ են գտել ժամանակակիցների հուշերը Յուրի Երզնկյանի մասին, նրա հիշողություններն իր ժամանակակիցների մասին, նրա ֆիլմերի մասին գրված հոդվածներն ու գրախոսականները, ինչպես նաև բացառիկ լուսանկարներ կինոռեժիսորի արխիվից։ Գիրքը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն։

«Ազատության» հետ զրույցում Անետա Երզնկյանն ասաց, որ գրքի հրատարակմանն աջակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կինեմատոգրաֆիստների միությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը. - «Նախ և առաջ ես պետք է ասեմ, որ գիրքը արված էր մեծ սիրով։ Այդ նյութերը, որոնք ես հավաքում էի, մեծ սիրով էի հավաքում։ Հետո այդ սերը կարծես փոխանցվեց այն մարդկանց, ովքեր մասնակցեցին գրքի տպագրմանը՝ Շուշանիկ Միրզախանյանին, Արա Խզմալյանին, Հարություն Խաչատրյանին։ Այդ գրքի մասին ես շատ տարիներ առաջ մտածում էի, որ պետք է անպայման գիքրը կայանա։ Բայց նյութերը հավաքվել էին, և այդ կրիչը կորավ։ Իհարկե, մեծ տրագեդիա էր։ Բայց ես գիտեք ինչ եմ մտածում, որ ոչինչ հենց էնպես չի լինում։ Գիրքը պետք է ծնվեր հարյուրամյակին... Ես պետք է ասեմ, որ հեղինակը ինքը Յուրի Երզնկյանն է։ Որովհետև ինքը շատ լավ արխիվ ունի, որն ինքը հավաքել էր մեծ սիրով։ Մենք ուզում ենք, որ տարվա վերջում արխիվը փոխանցվի Գրականության և արվեստի թանգարանին։ Ես ուղղակի ընտրել եմ, թե ինչը լավ կլինի, որովհետև շատ-շատ էին նյութերը, ինչը լավ կլինի, որ զետեղվի գրքի մեջ»։

Հարցին, թե ուրիշ ինչ է նախատեսված Յուրի Երզնկյանի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ, Անետա Երզնկյանը պատասխանեց. - «Ամբողջ տարին հենց նվիրված կլինի Յուրի Արամայիսովիչին, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կլինի Յուրի Արամայիսովիչին նվիրված օր։ Հետո, քանի որ նախկիներս եկել են Երզնկային Հաղպատ, շատ օրեր կանցկացվեն Լոռիում՝ Ալավերդիում, Հաղպատում։ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը կաջակցի, Կինոկենտրոնը արդեն ծրագիրը ներկայացրել է։ Էստեղից կգնա «դեսանտ» կինոգործիչների Ալավերդի, Հաղպատ և Դսեղ, և Գյումրիում կլինի անպայման միջոցառում։ Հետո կլինի համերգ, որտեղ կհնչեն այն ստեղծագործությունները, որոնք Յուրի Արամայիսովիչը սիրել է»։

«Նա անցել է շատ լավ դպրոց, անցել է Ռուբեն Սիմոնովի վախտանգովյան թատրոն, հետո Միխայիլ Ռոոմ, Բարնետ և այլն։ Իհարկե, այդ դպրոցը իր վրա ազդեցություն է թողել «Խափաբալադա», «Սգավոր ձյունը» և այլ ֆիլմերում։ Ինչո՞վ էր առանձնանում Յուրի Արամայիսովիչը։ Ինքը շատ ուշադիր էր դեպի պատկերը, կադրի կառուցվածքը, ֆիլմի կառուցվածքը, մոնտաժային լուծումները, ձայնային լուծումները։ Ինքը շատ լավ զգում էր այդ ամեն ինչը և կարողանում էր փոխանցել էկրանին։ Չնայած գրական գործեր էր էկրանավորում, բայց միշտ ասում էր, որ կինոն վիզուալ արվեստ է, և շեշտը պետք է դրվի պատկերի վրա։ Եվ օպերատորներին էր ընտրում ըստ այդ տրամաբանության՝ Ջավալյան, Իսրայելյան, Վաթինյան։ Եվ նկարիչների հետ էր աշխատում այդ նույն տրամաբանությամբ՝ Բետներ, Վալենտին Պոդպոմոգով, Մինաս Ավետիսյան, Ռոբերտ Էլիբեկյան և այլն», - ասաց Անետա Երզնկյանը՝ շարունակելով. - «Ինքը շատ ազնիվ էր իր արվեստում, ինքը շատ շիտակ էր, ինքը հումորով էր։ Լսելու ունակություն ուներ։ Երբ որ արդեն կինոարտադրություն չկար, ինքը թերթ տպագրեց՝ «Կինո», բացի դրանից, ինստիտուտում ամբիոնն էր ղեկավարում և ինքը շատ գեղեցիկ ձևով էր դա անում։ Բոլոր մեծերին հավաքելով իր կողքը՝ Մալյանը, Դովլաթյանը, Իսրայելյանը։ Եվ տվեց մի ազդեցիկ դպրոց՝ Հարություն Խաչատրյանը, Նարինե Մալյանը, Արմեն Ամիրյանը, Ազատյանները։ Այսինքն՝ այսօրվա մեր կինոյում եղանակ են անում իր ուսանողները»։