«Որոշեցինք, որ մեր տղան նորից պետք է ծնվի». պատերազմում զոհված տղաների մայրերը շարունակում են նրանց կյանքն ու գործը

«Որոշեցինք, որ Էրիկը նորից պետք է ծնվի»

Փոքրիկ Էրիկը Պետրոսյանների ընտանիքում հայտնվեց պատերազմում եղբոր զոհվելուց մեկուկես տարի անց։ Ավագ Էրիկը ընտանիքի միակ զավակն էր. 44-օրյա պատերազմը ընդհատեց 19-ամյա երիտասարդի կյանքն ու պատճառ դարձավ, որ ընտանիքում նորից ծնունդ լինի։ Նորից տղա, նորից Էրիկ։

Մայրը՝ Նաիրան, ասում է՝ բարդ որոշում էր. «Մենք մեր կյանքը չէինք պատկերացնում առանց Էրիկի, որոշեցինք, որ ինքը նորից պետք է ծնվի, պետք է ապրի այն կյանքը, որը էլ չապրեց»։

Լսել էին՝ պետությունը պատրաստ է օգնել որդեկորույս մայրերին, որ նորից բալիկ ունենան, դիմեցին պտղաբերության կենտրոն, բայց ճակատագիրն այլ անակնկալ էր պատրաստել. «Մեր գործն ավարտին չհասավ, մի 6 ամիս հետո ինքնուրույն հղիացա։ Ինձ համար շատ դժվար էր, որ Էրիկն արդեն 20 տարեկան կլիներ մի քանի օր հետո, մի քանի օր առաջ տուն կգար ինքը»:

Ավագ Էրիկ Պետրոսյանը պատերազմի 5-րդ օրն է զոհվել՝ Ջաբրայիլում։

«Ինքը Քասախի առաջին զոհն էր, Քասախից ահագին զոհեր տվեցինք։ Հիմա պուճուր Էրիկն է այդ ուժը տալիս, նպատակներ ունեմ, որ պետք է իմ Էրիկի շիրիմը դատարկ չմնա։ Մտածում եմ, որ անպայման պետք է իրեն ախպեր կամ քուր, որ գնա, իր շիրիմին, հաստատ գնալու է իր մոտ », - պատմում է մայրը։

Մի ձեռքով արցունքներն է սրբում, մյուսով 23 օրական Էրիկի թուշիկը շոյում։ Համեմատել չի լինի՝ և՛ նման են, և՛ նման չեն... ավագ Էրիկն ավելի հանգիստ էր, փոքրիկն ամեն շխկոցին արձագանքում է. «Ոչ մի երեխա ոչ մի երեխու տեղ չի գրավի։ Ուրախություն է եղել տան մեջ՝ երեխա է ծնվել, բայց չկա այդ ուրախությունը, չգիտես՝ այդ լիակատար ուրախությունը չկա, ինչքան կիսատ գործեր թողեց մեր տղան։ Կյանքում չենք կարող այդ ամեն ինչը լրացնել»։

Մովսես Սարգսյանը երազում էր դերասան ու պարող դառնալ

19-ամյա Մովսես Սարգսյանի մայրը՝ Աիդան, հիմա որդու մասին գրքի որոշ հատվածներին է ծանոթանում։ Այն շուտով կհրատարակվի, ընկերներից մեկն է գրել։

Մովսեսի մասին արդեն մի ֆիլմ է նկարահանվել, մորաքրոջ բանաստեղծության հիման վրա գրված երգն էլ տեսահոլովակ ունի։ Պրեմիերան տղայի ծննդյան օրը տեղի ունեցավ. բակում ընկերները հավաքվել, կիթառ էին նվագում, երգում։

Մոսին արվեստի մեջ էր, ասում է մայրը. մահից հետո էլ ոչինչ չի փոխվել. «Ինքը երազում էր դերասան դառնալ, պարող դառնալ, 6 տարեկանից պարի էր հաճախում։ Ասում էր՝ ես հենց որ վերադարձա, մի պար եմ անպայման բեմադրելու»։

Վերջին զրույցը որդու հետ նոյեմբերի 5-ին էր, ուշ երեկոյան տղան արդեն դեպի Շուշի ճանապարհին էր. «Զոհվելուց ընդամենը մի 5 օր առաջ զանգեց ու մի հատ այնպիսի երազ պատմեց, որ սարսափի մեջ էինք։ Ասաց՝ մամ, գիտես՝ երազումս, սնարյադը մտավ գլուխս, ու ես մահացա։ Ասում է՝ ես Աստծուն խնդրեցի, ասացի՝ գնա, ուզում եմ ապրել, սովորել, ու Աստված ոչինչ չասաց։ Մի 5-6 օր հետո դեպքը եղավ, ու ինքը գլխի հատվածից էլ զոհվել էր»։

Մովսեսն Աիդայի միակ երեխան էր։ Ինքը գնաց, ընկերներին թողեց ինձ, ասում է տղային միայնակ մեծացրած մայրը. «Մոսիիս ամենամեծ նվերն եք ինձ համար, ու ես իրենց շատ-շատ շնորհակալ եմ, որ իրենք անընդհատ իմ կողքին են, ու մենք համախմբված անում ենք ամեն ինչ իմ Մոսիիս համար»։

Վահե Եղիկյանն ինքն է մորը հուշել ճանապարհը՝ ինչպես գտնել ​

Կարինե Մուրադյանի որդին՝ Վահեն ևս 19 տարեկան էր։ Միասին էսթետիկ կենտրոն էին հիմնել, որը որդու մահից հետո վերագործարկելու համար մեծ ուժ, համբերություն ու կամք էր պետք. «Որովհետև սա արվում էր հենց իր համար, ինքը իմ տղա տեսակն էր։ Վաղը, մյուս օրը ես գիտեմ, որ ինքը կունենար հաջողություն, բայց չէի պատկերացնում, որ այս տիպի։ Մենք սկսել էինք բիզնես ծրագիր, այս պրոդուկտը դրա արդյունքն է։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք երկուսով՝ ինքը՝ Ջաբրայիլում, ես՝ այստեղ, երևի թե ամեն օր խոսում էինք միայն դրա մասին»։

Վահե Եղիկյանի հետ կապը սեպտեմբերի 30-ին էր ընդհատվել։ 25 տանջալից օր ու գիշեր պահանջվեց որդուն գտնելու համար։

Չարագուշակ տեսի՞լք էր, թե՞ ինչ. Կարինեն հիմա չի հասկանում, բայց տեսել էր, սիրտը վկայել էր՝ տղային ողջ չի գտնելու. «Ես ինքս էի բոլորին ասում՝ գնացեք, դիակը գտեք, բերեք, հողի տակից էլ փորեք, բերեք, ինձ չի հետաքրքրում»։

Վահեն ինքն է հուշել ճանապարհը՝ ինչպես գտնել իրեն, ասում է մայրը՝ հիշելով մղձավանջային այն ուղին, որով անցել է՝ ոտքի տակ տալով Հայաստանն ու Արցախը՝ հիվանդանոցներ, դիահերձարաններ. «Երբ ես գրկեցի փակ դագաղը ու տեսա այդ սգո սրահը, որ հենց նույն տեսիլքի սգո սրահն էր, ես հասկացա, որ իմ տղան ինձ նախապատրաստեց, ու այդ գերբնական ուժն իմ մեջ ես վերցրել եմ, ինքը մտավ կոնկրետ, ես դա զգացել եմ ու իրեն խնդրեցի, որ ինքը ինձ ցույց տա մի լույս, ճանապարհ, որ ես դուրս գամ այդ մղձավանջից։ Հետաքրքիր ինչ-որ ֆենոմեն կատարվեց։ Ես մինչև այսօր անվանում չունեմ դրան, դա ուղղակի իմ զգայարանների հարթության վրա եմ դրել ու զգացել եմ, ընդամենը ուզում էի մոտենալ ինձ նման ինչ-որ մի մամայի, խոսեի, շփվեի»։

«Հավերժ» հասարակական կազմակերպությունը հենց այն առաքելությունն էր, որ պետք է միավորեր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին։ 300-ից ավելի կին այսօր իրար օգնելով է ապրում։ Կարինեի ստեղծած «Հավերժ»-ի օգնությամբ 13 կին արդեն նոր մասնագիտություն ունի՝ հոգեբանական աջակցության խորհրդատու են. «Այն, որ ես հասկանում եմ, որ կա, գործում է, ու ապացուցում եմ ինձ կրկին, որ դա արդյունք է տալիս ու դրական, ես ուրախանում եմ։ Ինձ համար դա դարձավ կյանքի նպատակ»։

Վահեն ինձ պետք է գեղեցիկ, խնամված, ուժեղ տեսնի, ինչպես միշտ, ասում է բիզնեսում հաջողության հասած Կարինեն՝ ավելացնելով՝ իր որդին հիմա էլ իր հետ է, միասին են աշխատում, Վահեն ճանապարհ է ցույց տալիս իրեն...