Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չարթերային չվերթը, որ պետք է իրականացներ Georgian Airways-ը, չեղարկվել է։ Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանում տեղադրված այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում հաստատել է ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին։
«Պատճառը Վրաստանում և Ռուսաստանում լուրջ համաճարակաբանական իրավիճակն է: Այո, մենք ինքներս չեղարկեցինք չվերթը, դա ավիաընկերության իրավասությունն է, այլ ոչ թե որևէ մեկի: Եվ մենք կորցնելու ոչինչ չունենք», - հայտարարել է Գաիաշվիլին:
Թռիչքը նախատեսված էր այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 10-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 28-ին նախատեսված Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չարթերային չվերթի բոլոր տոմսերը սպառվել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում կորոնավիրուսի ռեկորդներ են գրանցվում արդեն գրեթե ամեն օր