«Կուզեի՝ երեխաներն ինձնից ավելի լավ ապրեն». բազմազավակ ընտանիքում սոցիալական խնդիրներից փորձում են շատ չխոսել

Քարինջ գյուղում ապրող Սարգսյանների բազմազավակ ընտանիքի 6 տղաները իրար հերթ չտալով անում են տան գործերը։ «Տղամարդ ենք, - ասում են, - հայրիկի հոգսը պիտի թեթևացնենք»։

Մինչև հայրը կովերին ու ոչխարներին ջուրը տանի, գա, խոտը հանում են, օրվա վառելափայտը խնամքով դասավորում տան շեմին։

Ամեն օր հավաբունն ստուգելն ու ձվերը տատին հանձնելն 9 տարեկան Աշոտի գործն է։ 11-ամյա Արենն էլ կրտսեր եղբայրների կարգուկանոնի հարցն է իր վրա վերցրել։ Գործը վերջացնելուց հետո ծուռ նստում ուղիղ խոսում են իրենց երազանքների մասին։ Քաղաք գնալ չեն ուզում. - «Ուզում եմ մի հատ նենց տեղ լինի, որ կարողանանք ժիմ անենք»:

Թանկարժեք խաղալիք ունենալու մասին չեն խոսում, գյուղի քանդված ու թեք ճամփեքին էլ հեծանիվ չես քշի։ 7 տարեկան Երվանդը երազում է տան բակում մարզվելու մի հարմարանք ունենա։ 11 տարեկան Արենի բոլոր երազանքները իրենց հողակտորի շուրջ են պտտվում։ Ցանկապատ չունեն, հոգոց հանելով պատմում է, թե ամեն տարի տնովի չարչարանքով կարտոֆիլ են ցանում ու կարգին եկամուտ չի ստացվում՝ հարևանի խոզերն են ուտում։

«Ուզում եմ՝ էս մեր բախչեքը սարքվի, ինչը ցանում ենք, ուրիշի ապրանքը գալիս ա մտնում սաղ հարամում, դրա համար սետկա ա պետք, մեխ ա պետք, ստոլբա, երկաթ», - ասաց 11-ամյա Արենը:

Նա հարևան Դեբեդ գյուղում գործող ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի սան է։ Գյուղատնտեսի կարևոր հմտություններ է ձեռքբերել։ Ասում է՝ այգու ցանկապատի հարցը լուծեն՝ իր ձեռքով ջերմոց է կառուցելու, լոլիկ ու վարունգ աճեցնի. - «Ամենահետաքրքիրը, որ ես սովորել եմ, ագրոտեխնոլոգիան էր»:

Հայրը՝ Կորյունը, հաստատում է՝ ցանկապատի հարցն օրակարգային է, բայց ամեն տարի ծրագրում է, ու 10-հոգանոց ընտանիքում բազմաթիվ ծախսերի մեջ հերթը դրան չի հասնում։ Հաջորդ տարի գուցե հաջողացնեն։ Ասում է՝ ձեռքից եկած ամեն ինչ անում է, միայն թե իր 7 երեխաներն էլ իրենից լավ կյանքով ապրեն՝ ցանկացած ծնողի երազանքն է։

«Մեր Հայաստանի մեջ ինձ պես շատ ընտանիքներ են, ինչքան շատ լինենք, մենք էնքան ուժեղ, հզոր կլինենք: Ես իմ գործը գիտեմ՝ ինչ անեմ, ոնց անեմ, որ իմ երեխաներին պահեմ: Լավություններ կան, նենց չի, որ չկան: Կուզեի, որ երեխաներն ինձնից ավելի լավ ապրեն, ավելի լավ կյանք տեսնեն», - ասաց Կորյունը:

Վեց եղբայրների սիրելին է մեկ տարեկան Ելենան։ Մեծ ու փոքր կատակում են, թե իրենց օր ու արև չի տալիս։ Մայրը՝ 36-ամյա Աշխենը, տան 10 անդամներին կերակրելու գործը հազիվ է գլուխ բերում։ Հարմարություններից խոսելիս խեղճանում է։ Հատկապես ձմռանն ամենամեծ սենյակը դարձնում են թե՛ խոհանոց, թե՛ լոգարան ու թե՛ ննջասենյակ։ Բարեգործների աջակցությամբ տունն ինչ-որ չափով վերակառուցել են, բայց դեռ անելիք ունեն։

«Ձմեռը էս մի սենյակում ա ամեն ինչը՝ լողանալ, ճաշ եփել, բայց օրերը, որ տաքանում ա, դրսում խոհանոց ունենք, էլի յոլա ենք տանում ամառը», - նշեց Աշխենը:

Ընտանիքում չեն սիրում սոցիալական խնդիրներից շատ խոսել, բայց մի տարօրինակ բան շեշտում են՝ տարիներ շարունակ իրենց բազմազավակ ընտանիքներում, որտեղ մի կերպ են ծայրը ծայրին հասցրել, սոցիալական ծառայության աշխատակիցներից սպառնալիքի նման զգուշացում են ստացել, թե չպետք է իրենց մի կովը երկուսը դարձնեն, հակառակ դեպքում աղքատության 60-70 հազար նպաստը կկտրեն։ Ու այդ պարբերական գումարի կարիքը մեծապես զգացող ընտանիքը մշտապես ձեռնպահ է մնացել ու աշխատել է չավելացնել իր եկամտի աղբյուրը։

Վերջին տարիներին այսքան խիստ չեն պահանջներն, ասում է տատիկը՝ Արգեն Հակոբյանը, բայց էլի նախկինի պես կամ ու կացի մեջ են՝ ունեցած 3 կովն ավելացնելու միտք չունեն. իսկ եթե հանկարծ զրկե՞ն նպաստից. - «Դե վախենում էլ ենք, որ շատացնենք, ասում ենք կարող ա էլի կտրվի առաջվա նման, աշխատում ենք չափով պահենք, նպաստին չազդի, գոնե էդ փողը ստանանք»:

60-ամյա Արգեն Հակոբյանը մի կողմից հպարտությամբ է խոսում 19 թոռներից, որոնք մեծամասամբ տղաներ են, մյուս կողմից՝ մտաբերում դաժան պատերազմն ու մտքերի մեջ ընկնում՝ գոնե խաղաղություն լինի. - «Մի կտոր հացով էլ յոլա կգնանք, խաղաղ լինի»: