Այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության վերջին մի քանի ամիսների ամենաբարձր ցուցանիշը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Հայաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության վերջին մի քանի ամիսների ամենաբարձր ցուցանիշը՝ 2556 նոր դեպք։ Նման թիվ վերջին անգամ գրանցվել էր նախորդ տարվա հոկտեմբերին։

«Այժմ Հայաստանում ակտիվ շրջանառվում է քովիդի բարձր վարակելիությամբ նոր շտամը՝ օմիկրոնը», - կառավարության այսօրվա նիստում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. - «Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում։ Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում է 5-6 տոկոս, այսինքն՝ հիվանդացածների միայն 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը, կարելի է ասել, միակ ուրախալի լուրն է այս ընթացքում։ Սրան է նպաստում ինչպես պատվաստվածների մեծաթիվ ընդգրկվածությունը, նաև շտամի որոշակի առանձնահատկությունները»։

Օմիկրոն շտամը առաջին անգամ գրանցվել է անցած տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայում և կորոնավիրուսի՝ մինչև այդ հայտնի մյուս ենթատեսակների համեմատությամբ մեծ արագությամբ տարածվել է ողջ աշխարհում։ Այս շտամը խիստ վարակիչ, սակայն պակաս վտանգավոր է։ Այն, ըստ մասնագետների, ծանր հետևանքների չի հանգեցնում, ընթացքն ավելի թեթև է։ Սա է պատճառը, որ հոսպիտալացվածների թիվն ավելի քիչ է։

Նախարարն ընդգծեց նաև պատվաստված լինելու հանգամանքը. - «Առաջիկայում արդեն իսկ ունենք հստակ հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման պլանը։ Այս պահին դեռ այն չենք ամբողջովին գործարկել և դա կանենք ըստ պահանջի։ Ներկայումս վեց բժշկական կենտրոններ են, որոնք որ ընդգրկված են քովիդ բուժման մեջ, և հընթացս ըստ կարիքի կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»։

Նախորդ տարվա ապրիլից մեկնարկած պատվաստման գործընթացի արդյունքում մինչև օրս ամբողջապես պատվաստվել է Հայաստանի բնակչության ավելի քան 28 տոկոսը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, պատվաստվածների զգալի մասը՝ ավելի քան 58 տոկոսը, 35-64 տարեկան են։ Իսկ ռիսկի խմբում գտնվող 65-ից բարձր տարիքի անձինք ամենաքիչ պատվաստվածներն են։

«65 պլյուս քաղաքացիների պատվաստումները արդեն 18-19 տոկոս է, ինչը մեզ համար մտահոգիչ է, և մեր հիմա գլխավոր նպատակը բարձրացնելն է հենց 65 տարեկաններից ավելի քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը։ Որովհետև գիտենք, որ առաջնային ռիսկի խումբը նրանք են հանդիսանում և նաև քրոնիկ հիվանդներն են։ Պետք է ասեմ, որ ունենք պատվաստումներ նաև մինչև 18 տարեկան երեխաների շրջանակներում։ 12-17 տարեկանների շրջանում արդեն 1675 հոգի առաջին դեղաչափն է ստացել, 1000 հոգի երկրորդ դեղաչափն է ստացել», - նշեց նախարարը։

Ավանեսյանն այսօր նշեց նաև, որ առաջիկայում չեն սպասվում լրացուցիչ սահմանափակումների վերաբերյալ որոշումներ։

Այս պահին Հայաստանում պարտադիր է փակ տարածքներում դիմակ կրելը, որը գրեթե չի պահպանվում։ Հունվարի 22-ից հանրային վայրեր այցելելիս քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։