QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն

Կորոնավիրուսի դեմ պատվաստում Հայաստանում, արխիվ

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել քաղաքացու անձնական տվյալների միայն մի հատվածը։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը, նշվելու է անուն, ազգանուն, չեն ցուցադրվի նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի և ծննդյան օրվա ու տարվա տվյալներից միայն մի քանի նիշ է երևալու, ինչը հնարավորություն կտա խուսափել անձնական տվյալների արտահոսքից։

Արդեն մի քանի օր է, ինչ ուժի մեջ են մտել նոր խստացումները՝ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Մի շարք մեդիափորձագետներ մտահոգություն հայտնեցին, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։

ԱՐՄԵԴ համակարգի տնօրենն ասում է՝ այս բոլոր մտահոգությունները հաշվի առնելով, երեկ ուշ երեկոյան Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո որոշում է կայացվել անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար փակել որոշ տվյալներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուժի մեջ են մտել նոր խստացումները. Հայաստանում քովիդի թվերն օրեցօր աճում են