Կարմիր շուկայի բնակիչները փակել էին ադրբեջանական շարասյան ճանապարհը

Արցախի Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ գյուղի ճանապարհը փակելով ադրբեջանական մեքենաների համար, տեղեկացնում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

«Համայնքի բնակիչներն ուղղակի իրենց վրդովմունքն ու բողոքն են արտահայտել առ այն, որ ադրբեջանական կողմը պարբերաբար համայնքին հարակից ու մերձակա տեղակայված իրենց հենակետերից նախ համայնքի ուղղությամբ կամ դեպի օդ կրակոցներ են արձակում, դրանով վախի ու ահաբեկման մթնոլորտ ձևավորում համայնքում», - նշեց պաշտպանը:

Կրակում են ամեն օր, ասում են Կարմիր շուկա գյուղի բնակիչները: Հունվարի 10ին գյուղում ադրբեջանական կրակոցներից մեքենա էր այրվել, դրանից էլ մի քանի օր առաջ արցախա- ադրբեջանական սահմանից տարել էին բնակիչներից Աղասի Պողոսյանի նախիրը:

«1,5 կմ իրանք էին 7 հոգով ավտոմատներով բարձրացել, անասնապահը վախեցել գնացել ա», - ներկայացրեց համայնքի բնակիչ Աղասի Պողոսյանը:

46 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ՝ ադրբեջանցի զինվորներն իրենց հենակետերից հասել են չեզոք տարածք. «Կոչվում ա չեզոք տարածք, բայց հիմնականում էդ ա սաղ մեր եղած հողը»:​

Աղասի Պողոսյանն ասում է անասնագողության հենց հաջորդ օրը Շուշիից Կարմիր շուկայով Ադրբեջան գնացող բեռնատարների ճանապարհը փակեցին գյուղացիներով. «Էդ օրն էր էդ ակցիան, դրա համար 10 հատ թողին էլի»:​

36 գլուխ անասունը ադրբեջանցիները մինչև այժմ չեն վերադարձրել:

Ադրբեջանական շարասյուները Կարմիր շուկայով Շուշի էին գնում գալիս, պատերազմից հետո. շաբաթը երկու օր երեքշաբթի ու հինգշաբթի՝ գյուղացիների համար զգոնության օրեր էին:

«Աշխատում էինք հիմնականում տնից դուրս չգալ, բայց դե հիմնականում ով աշխատատեղ ունի աշխատանքի մեջ է, զգուշությունը միշտ էլ կա», - ասաց բնակիչներից Առլետա Սարգսյանը:​

Ըստ պաշտոնական հավաստիացումների, այդ երթևեկը ժամանակավոր էր, մինչև ադրբեջանական կողմը ավարտի իրենց Շուշի տանող-բերող նոր ճանապարհի կառուցումը: Ճանապարհն այժմ կա, Կարմիր շուկայով ադրբեջանցիների անցուդարձը պակասել է, բայց վերջին շրջանում եղանակային պայմանները թույլ չեն տալիս, որ մեծ մեքենանները այդ նոր կառուցված ճանապարհով անցնեն։ Շուրջ 240 ընտանիք ունեցող գյուղում անվտանգության նվազագույն երաշխիք են ուզում՝ ճանապարհն օգտագործում են, կրակոցները չեն լռում:

«Ամսի 10- կրակոցներից հետո ծնողները չեն համաձայնում երեխաներին բերել մանկապարտեզ զուտ անվտանգությունից ելնելով, ամեն օր էլ կրակահերթերը լինում են», - նշեց Առլետա Սարգսյանը:​

Կրակոցների պատճառով շուրջ երկու շաբաթ է գյուղի մանկապարտեզը չի գործում, ասում է տնօրենը, ծնողների պահանջը՝ գոնե ապաստարան լինի: «Լավ չէ, իհարկե, բայց սովորում ենք այս իրավիճակին», - ասում է Առլետա Սարգսյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանի գործողությունները ահաբեկչական է որակում և դրանք միայն մեկ գյուղի չէ՝ սահմանային բոլոր գյուղերի բնակիչների նկատմամաբ են։

Արցախա-ադրբեջանական շփման գիծը մինչև պատերազմն ընդամենը 200 կիլոմետր էր, պատերազմից հետո սահմանը դարձավ 500 կիլոմետր և մոտեցավ ընդհուպ մարդկանց տներին։