Նախագահի աշխատակազմը արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը

Մեկ օր անց արձագանքելով «Հետք»-ի հրապարակմանը, թե նախագահ դառնալուց առաջ Արմեն Սարգսյանը նաև Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիս պետության քաղաքացիություն է ունեցել, նախագահի աշխատակազմից հայտարարում են, թե այդ և նման այլ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը «կրկին շեղել կեղծ օրակարգով»։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո «Հետք» պարբերականը գրել էր, թե մինչև 2018-ին Հայաստանի նախագահ դառնալը Արմեն Սարգսյանը նաև այլ երկրի քաղաքացիություն է ունեցել: Այս մասին հրապարակումը դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն։

«Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:

Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում», - մասնավորապես նշված է նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում: