Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով ևս մեկ անգամ զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռուսաստանի նպատակն է թույլ չտալ, որ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները մոտենան իր սահմաններին, եթե դա այդպես է, ապա չկա ավելի ապարդյուն քայլ, քան ներխուժումն Ուկրաինա: Իր հարգարժան բարեկամները՝ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն, արդեն այդ միտքը հասցրել են Պուտինին: Ես պատրաստ եմ նրա հետ նորից զրուցել»,- այսօր խորհրդարանում ասել է Ջոնսոնը:
Բրիտանիայի վարչապետը և Ռուսաստանի նախագահը վերջին անգամ հեռախոսով զրուցել են անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին:
«Երբ ես խոսում էի նրա հետ, ես հիշեցրեցի, որ պատմության կրիտիկական պահերին Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը միասին են եղել: Միակ պատճառը, որը հնարավոր է դարձրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր երկու երկրների մշտական ներկայությունը՝ ֆաշիզմի դեմ մեր զինվորներն ուս-ուսի տված հերոսական պայքարն էր, և մենք հիմա էլ կարող ենք հանգիստ դիվանագիտության միջոցով ու ամուր սկզբունքներով գտնել ընդհանուր անվտանգություն ապահովող ուղին»,- ասել է Ջոնսոնը:
Նա ընդգծել է, որ այդ հնարավորությունը կբացառվի, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա: Այդ դեպքում, ըստ Ջոնսոնի, «Լոնդոնը Ռուսաստանի նկատմամբ կհաստատնի առավել խիստ պատժամիջոցներ»:
Ռուսաստանը հետևողականորեն պնդում է, որ Ուկրաինայի սահմանների մոտ զորքի տեղաշարժը կատարվում է ռուսական տարածքում և որևէ այլ երկիր դրա վերաբերյալ առարկություններ հայտնելու իրավունք չունի: Մոսկվան հավատացնում է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրություն չունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոնդոնը ևս հայտարարում է Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին