«Զանգակ»-ը հրատարակում է «Ոչ մի շաբաթ առանց գրականության» ուշագրավ շարքը

Յուրաքանչյուր տարի հարյուրավոր նոր գրքեր են հրատարակվում, ընթերցողների թիվն է ավելանում։ Գրքերը մեծ սպառում ունեն, հատկապես նոր հրատարակված գրքերը՝ թե թարգմանական, թե' գեղարվեստական, թե' մանկական ու փաստավավերագրական։ Եվ դա՝ չնայած այն փաստին, որ գրքերի գները ոչ բոլորի համար են մատչելի։

Այդուհանդերձ, ինչպես հրատարակիչներն են պնդում, կան հեղինակներ, որոնց գրքերն արդեն մի քանի վերահրատարակություններ ունեն։

«Զանգակ» հրատարակչության գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանի համոզմամբ, այս պրոցեսը սկսվել է մոտ 10 տարի առաջ. - «Իհարկե արդյունքները նկատելի են վերջին մի քանի տարվա ընթացքում, բայց պրոցեսները սկսվել են ավելի վաղ՝ թերևս 2012 թվականին, երբ Երևանի հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, նաև հրատարակչությունները ավելացան, պետությունը որոշակի օժանդակություն էր ցույց տալիս հրատարակչություններին։ Այսօր հրատարակչություններին ֆինանսապես կարծես չի օգնում, հենց ստեղծագործողներին է օգնում, թարգմանիչներին է որոշակի դրամաշնորհներ հատկացնում։ Այս բոլորը նպաստեցին, որպեսզի գրքի մասին հասարակությունը սկսի խոսել ուղղակի, տեղյակ լինի և զգա գրքի կարևորությունը։ Քովիդը որոշակի անդրադարձ իհարկե ունեցավ, մարդիկ տանը փակված էին, և հնարավորություն առաջացավ ընթերցելու, կրկին հոգևոր, բարոյական, անանցանելի արժեքների կարիքը զգացվեց։ Իսկ արդեն պատերազմը ցույց տվեց, որ մեր հասարակությունը շատ կարիք ունի զարգացման, ինքնակրթության, մեծ աշխարհի հետ շփումների, իր իրականությունը ավելի սթափ գնահատելու, իր մշակույթը ավելի լավ ճանաչելու։ Եվ այս առումով, իհարկե, մղվեց մարդը դեպի գիրքը, և հրատարակիչներն էլ որոշակիորեն արձագանքեցին, ներկայացրեցին համապատասխան գրքեր՝ թե; մշակույթը ներկայացնող, թե' պատմությունը ներկայացնող, թե' աշխարհի մեծ տեղաշարժերի արձագանք գրքեր ներկայացնող, որ մենք էլ հասկանանք, որ մենք կտրված չենք, միայնակ չենք, և մեր մշակույթը ճանաչելով, մռր ինքնությունը ճանաչելով, ընդհանրապես մարդուն և աշխարհը ճանաչելով, կարող ենք հաղթահարել այս վիճակը և առաջ գնալ»։

Ինչպես մյուս հրատարակչությունները, «Զանգակ» հրատարակչությունը ևս ամեն տարի ընթերցողներին նաև հոբելյանական տարեթվերի հետ կապված ուշագրավ հրատարակություններ է մատուցում։ Այս տարին ևս բացառություն չէ։ Տարիներ առաջ Հայկ Համբարձումյանի նախաձեռնությամբ մի հետաքրքիր շարք մեկնարկեց, որով այս տարի կնշանավորվի նաև մեր մեծագույն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանը, որը լրանում է մարտի 13-ին։

«Շարքերից մեկը, որ շատ սիրվել է, կոչվում է «Ոչ մի շաբաթ առանց գրականության»։ Օրինակ, նախորդ տարի մենք հրատարակեցինք «Ոչ մի շաբաթ առանց սիրային բանաստեղծության» ժողովածուն, որովհետև տեսանք, որ հասարակության մեջ սիրո շատ մեծ պակաս կա, և էնտես սիրային պոեզիա ներկայացվեց։ Դրանից հետո հրատարակել ենք «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի», որը այս տարի վերահրատարակություն ունեցավ, որովհետև Հրանտ Մաթևոսյանի՝ մեծ արձակագրի խոսքը շատ պահանջված է և պահանջված կլինի միշտ։ Այս տարի չարենցյան է լինելու, քանի որ մեր մեծ բանաստեղծի 125-ամյակն է, և շատ շուտով։ Երևի մեկ-երկու շաբաթից արդեն կտպվի «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ժողովածուն, որտեղ ներկայացնում ենք Եղիշե Չարենցի կյանքը, ստեղծագործությունը։ Եթե ծանոթ չեք այս ձևաչափին, կարող եմ կարճ ներկայացնել, որ սա ընտրանի օրագիր է կոչվում, որտեղ տարվա յուրաքանչյուր շաբաթին համապատասխան որևէ գեղարվեստական ստեղծագործություն է։ Չարենցի դեպքում՝ ստեղծագործություն, կից կենսագրական ինչ-որ փաստ, որոնք այդ շաբաթին համապատասխան տեղի է ունեցել հեղինակի կյանքում։ Նաև կարևոր է, որ գրքում նշումների տեղեր կան։ Այսինքն՝ ընտրանի և օրագիր է։ Նպատակը այն է, որ գրականությունը դարձնել մարդկանց օրվա, շաբաթվա մի մասը, այսինքն՝ դու բլոկնոտի մեջ նշումներ ես անում և զուգահեռ ընթերցում ես, թե այդ շաբաթ որևէ տարվա շրջանակում հեղինակը ինչ է ստեղծել, ինչ է գրել։ Կարծում եմ, որ չարենցասերների, ընթերցասերների համար մեծ նվեր կլինի»։