«Գցեցին մի հատ ավտոյի մեջ՝ աչքերս կապած, կռներս կապոտած». իր ոչխարների հոտով ադրբեջանական կողմում հայտնված հովիվ

Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը 8 ժամ անցկացրեց ադրբեջանական կողմում, ինքը վերադարձավ, ողջ ապրուստը մնաց այնտեղ՝ 300 ոչխար։ 11 օր է ծանր սպասման մեջ է. ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձենել իր հոտը։

Աչքը գոմին է, այստեղ հերթով կոտորվում են անմայր մնացած գառնուկները. - «75 գառից էս ա մնացել... լրիվ կոտորվել են»։

25 գառ է մնացել, ընտանիքով փորձում են սրանց փրկել. - «Զոռով սովորցրել ենք, սոսկով-բանով մի ձևով պահում ենք»։

Սուրիկ Մաթևոսյանը հոտն արոտ էր տարել ու հայտնվել ադրբեջանական կողմում հունվարի 13 ին։ Տեղն այս պատերազմից հետո սահմանի գյուղ դարձավ, արոտավայրերն էլ հենց ադրբեջանական հետակետերի քթի տակ են։ Մաթևոսյանն ասում է, որ ինքը չի մոլորվել ու սահմանը չի հատել. սահման գծված չէ, հո'տն էլ, ի'նքն էլ իրենց մշտական ձորակում էին, երբ ադրբեջանցի 5 ավտոմատավորներ մոտեցան. - «Գցեցին մի հատ ավտոյի մեջ՝ աչքերս կապած, կռներս կապոտած»։

Աչքերը փակ մեկ այլ տեղանք են տարել, բայց, ասում է, գնում էին դանդաղ և լսում էր ոչխարների ձայները։ Ադրբեջանցիներին հետաքրքրող միակ հարցն այն է եղել, արդյոք Սուրիկ Մաթևոսյանը պատերազմին մասնակցել է. - «Ասել եմ չէ, ես կռիվ չեմ ըրալ»։

Որևէ բռնություն չի եղել, ավելին՝ տաք թեյ են առաջարկել։
Նույն օրը ռուս խաղաղապահների միջնորդությամբ Սուրիկ Մաթևոսյանին վերադարձրել են. - «Էդ ռուս խաղաղապահներին ասում եմ՝ խնդրում եմ էլի, շատ եմ խնդրում, ոչխարս էլ հետ բերեք... թե՝ կբերենք»։

Մաթևոսյանների միակ ապրուստի միջոցն էր անասնապահությունն ու Ադրբեջան քշված 300 ոչխարը։ Ընտանիքը երկու վարկ էր վերցրել. - «Ոչ քուն ա տանում, ոչ մի բան... ոչխարս չկա, պարտքերի տակ, վարկի տակ»։

Օրեր առաջ ադրբեջանական կողմն ասում էր, թե Մաթևոսյանը մենակ է սահմանն անցել, ոչխարներ չեն եղել։ «Բա ես ի՞նչ էի անում մեն-մենակ այդ սար ու ձորում», - զարմանում է Սուրիկ Մաթևոսյանը. - «Ես հո գիժ չեմ քյնամ ընկնեմ էն սարը»։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի տեղեկացմամբ, ռուս խաղաղապահները դեռ բանակցում են ադրբեջանական կողմի հետ։ Հիմա էլ հոտը, ըստ Ղուլունցի, հետը չվերադարձնելու այլ պատճառ են նշում. - «Հիմա էլ սենց են պատճառաբանում, որ ինչ-որ բան ա գրել Սուրիկը, որ պարտք ու պահանջ չունի»։

Համայնքապետն էլ գիտի, որ այդպիսի բան չի եղել։ Ավելին՝ Մաթևոսյնաը գերեվարման ժամերի ընթացքում էլ անընդհատ հիշեցրել է ոչխարների մասին. - «Խնդրեցի, ասեցի՝ բա ոչխարս ո՞նց ա դառնալու, ասեց՝ ոչխարդ հետո»։

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանից տեղեկացանք, որ եթե անասունները չեն վերադարձվում, փոխհատուցում նախատեսվում է շուկայական գնի 70 տոկոսի չափով, և սահմանապահ ծառայություն իրակականացնողները մինչև այդ պետք է հաստատեն, որ դեպքն իսկապես տեղի է ունեցել։

Որ Տեղ համայնքի բնակիչն իր հոտի հետ Ադրբեջանում է հայտնվել, կասկած չկա, ասում է Ռոբերտ Ղուկասյանը, պարզապես դեռ պետք է սպասել. - «Որոշակի ժամանակ սպասում ենք, որովհետև եղել են դեպքեր, երբ հենց սեփականատերը ինքը ասում էր, որ տեսնում է անասուններին հեռադիտակով, և սպասել ենք մի որոշ ժամանակ, վերադարձնել են։ Կամ ուղղակի էնպես է ստացվում, որ սահմանը հատում են, բայց անտառային ինչ-որ գոտիներում են լինում, մեկ շաբաթ, երկու շաբաթ անց վերադառնում են կենդանիները։ Էն պարագայում, երբ որ հստակ է, որ չեն վերադառնալու, էդ ժամանակ իրականացնում ենք փոխհատուցում»։

Վերջին ամիսներին Տեղ խոշորացված համայնքի բնակավարերից Կոռնիձորի սահմանից էին ադրբեջանցիները 113 ոչխար տարել, հաջողվեց վերադարձնել, ասում է Տեղի համայնքապետը։ Այսպիսի միջադեպերն անընդհատ են թե' Արցախի, թե' Սյունիքի հատվածում, քանի որ հայ ադրբեջանական սահմանը դեռևս գծված չէ. - «Հիմա որ սահմանազատում լինի, մենք էլ կիմանանք մեր սահմանը, թուրքն էլ կիմանա իրա սահմանը։ Հիմա հեսա գարունը բացվի, էդ խնդիրները ավելի են շատանալու։ Անասունը եթե դուրս եկավ արոտ, էս խնդիրները ավելի են շատանալու»։

«Ստեղ մեր սահմանը թուրքի սահման ա... ո՞վ ա իմանում, ոչ մեկը։ Ո'չ փշալար կա, ոչ մի զնակ ա խփած, որ էս յանը թուրքինն ա, էս յանը մերն ա։ Ո՞վ ա իմանում», - ասում է Սուրիկ Մաթևոսյանը։