Դատաբժշկական կենտրոնում չկան չհետազոտված փորձանմուշներ. նախարար

Այս պահին դատաբժշկական կենտրոնում չունենք փորձանմուշներ, որոնք չեն հետազոտվել կամ նույնականացման հերթում են գտնվում, ինչպես նաև չկան փորձաքննություններ, որոնք դեռ պետք է կատարվեն, այսօր անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացին` հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք արդեն բավական ժամանակ է՝ ամփոփել ենք։ Հետազոտությունների դանդաղում կամ հետազոտություններ, որոնք դեռ հերթի մեջ են, չունենք նման բան։ Արդեն 7-8 ամիս է», - նշեց նա։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ զինծառայողների աճյունների 100 վնասված փորձանմուշ նույնականացվել է հոլանդացի մասնագետների օգնությամբ։

Ավելի վաղ զոհվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող կոմիտեն հայտնել էր, որ արտերկիր է ուղարկվել 100 վնասված փորձանմուշ, որոնցից չեն նույնականացվել 5-ը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 44-օրյա պատերազմից գրեթե մեկուկես տարի անց անհետ կորած է 199 զինծառայող և 21 խաղաղ բնակիչ, ընդհանուր առմամբ՝ 220 հոգի։

Պաշտոնական վերջին տվյալներով` պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել է 3809 զինծառայող և քաղաքացիական անձ։