Մեծ Բրիտանիայի իշխանությունները Միացյալ Նահանգների օրինակով սկսել են տարհանել Կիևում գտնվող բրիտանական դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին երկուշաբթի օրը տեղեկացրել է Բրիտանիայի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նման որոշումն ընդունվել է «Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի» ֆոնին։
Բրիտանական դիվանագիտական գերատեսչության համաձայն՝ Ուկրաինայում Միացյալ Թագավորության դեսպանատունը այդուհանդերձ շարունակում է մնալ բաց և իրականացնել իր կարևոր աշխատանքը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մինչդեռ, հայտարարել է, որ պատճառ չկա Ուկրաինայից տարհանելու դիվանագետներին ու նրանց ընտանիքներին, քանի դեռ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ «Ես չեմ կարծում, որ պետք է դրամատիզացնել», - ասել է Բորելը։
ԱՄՆ Պետքարտուղարությունը Կիևի դեսպանատանն աշխատող ամերիկացի դիվանագետներին և նրանց ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան։ Որոշման պատճառը «Ռուսաստանի ռազմական գործողությունների պահպանվող սպառնալիքն է»։
Գերմանական Bild պարբերականն ավելի վաղ հայտնել է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը մշակում է Ուկրաինայում գերմանական դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների տարհանման պլան՝ երկրում իրավիճակի սրացման դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրվել է հեռանալ Ուկրաինայից