ՆԱՏՕ-ն իր զինված ուժերը բերել է մարտական պատրաստականության և լրացուցիչ ռազմանավեր, կործանիչներ է ուղարկում Արևելյան Եվրոպա՝ Ուկրաինայի մերձակայքում ռուսաստանյան զինված ուժերի ընդլայնման կապակցությամբ։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը մարտական պատրաստականության վիճակում են և լրացուցիչ ռազմանավեր, կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր՝ ամրապնդելու զսպիչ միջոցներն ու դաշինքի պաշտպանությունը Ուկրաինայում և դրա շուրջ Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնման կապակցությամբ», - ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրությունում։
Դրանում նաև նշվում է, որ վերջին օրերին ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հայտարարել են լրացուցիչ ուժերի ընթացիկ կամ սպասվող տեղափոխության մասին։ Աղբյուրի համաձայն՝ Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով և պատրաստվում է Լիտվա տեղափոխել չորս F-16 կործանիչներ՝ տարածաշրջանի օդային տարածքում պարեկություն իրականացնելու համար։ Իսպանիան նաև նավեր է ուղարկում դաշինքի ռազմածովային ուժերին օգնելու համար և դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։