Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին ասել է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը չի հանգեցնի Հայաստանի վարած արտաքին քաղաքականության փոփոխությանը:
«Երևանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի, հայ-ռուսական հարաբերություններն էլ նույնը կմնան», - ասել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչ Վոդոլացկին:
Նրա խոսքով, Հայաստանի նախագահն ինքն է նշել, որ լուրջ ազդեցություն չունի ոչ արտաքին օրակարգի և ոչ էլ ներքին հարցերում, քանի որ բոլոր լծակները և միջոցները վարչապետի ձեռքում են:
«Հավանաբար նա [Արմեն Սարգսյանը] համաձայն չէ Հայաստանի տարածքում տեղի ունեցող կամ տեղի ունենալիք ինչ-որ գործողությունների և ներքին գործընթացների հետ, դա իր իրավունքն է, նա հայոց հասարակության շրջանում հարգված մարդ է: Կարծում եմ` նա իր տեղը կգտնի և կշարունակի աշխատել քաղաքական ասպարեզում», - ասել է Վիկտոր Վոդոլացկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիս