Ղազախստանում «ապստամբության» հետևում կանգնած ուժերը անտեսանելի են. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Ղազախստանից ժամանած բելառուսական խաղաղապահ զորախմբի հետ, 15-ը հունվարի, 2022 թ.

Ղազախստանում իրավիճակի սրման հետևում կանգնած են մի շարք երկրների անվտանգության ծառայություններ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ առանց փաստարկներ ներկայացնելու։

Փոխարենը նա պնդել է, որ Ղազախստանում «ավազակախմբերի» և « ապստամբության» հետևում կանգնած ուժերը անտեսանելի են: «Մեզ մոտ նրանք տեսանելի էին՝ Լիտվան, Լեհաստանը, այնուհետև Ուկրաինան։ Իսկ ֆինանսավորել և ուղղորդում էին ամերիկացիները», - Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» պետական գործակալությունը։

Ղազախստանի իշխանությունները ևս պնդում են, որ հունվարին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի հետևեւում կանգնած են «օտար ուժեր»՝ մինչև օրս չներկայացնելով այդ պնդումը հավաստող որևէ ապացույց։

Ղազախստանի նախագահը ՀԱՊԿ -ի գործընկերներին օգնության կոչով դիմելիս բողոքի ցույցերը որակել է արտաքին ագրեսիայի ակտ՝ հայտարարելով` ահաբեկչական խմբավորումները արտերկրում լուրջ պատրաստություն են անցել։ Թե որ երկիրը կամ երկրներն են ագրեսոր, ո՛չ Տոկաևը, ո՛չ խաղաղապահներ ուղարկած ՀԱՊԿ երկրների ղեկավարները չեն հստակեցրել: