Ավստրիայի բոլոր բնակիչների համար պատվաստումը դառնում է պարտադիր

Ավստրիա - Կորոնավիրուսային սահմանափակումների և պարտադիր պատվաստման դեմ բողոքի ցույց Վիեննայում, դեկտեմբեր, 2021թ․

Ավստրիայի Ազգային խորհուրդն օրենք է ընդունել երկրի բոլոր բնակիչների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին։ Օրենքն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունվարի 31-ը։

Այսպիսով, Ավստրիան կդառնա Եվրամիության առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կլինի։ Մարտից սկսած՝ պատվաստումը չկատարելը կարող է հանգեցնել տուգանքի, որի նվազագույն չափը կազմում է 600 եվրո։

Երկրի իշխանությունները նախատեսում են նաև պատվաստումները խրախուսելու համար խաղարկություն առաջարկել: Վիճակախաղի յուրաքանչյուր տասներորդ մասնակիցը կկարողանա շահել 500 եվրոյի դրամական կտրոն։

Անցած տարվա նոյեմբերին Ավստրիան իր քաղաքացիների համար էր պարտադիր դարձրել կորոնավիրուսի դեմ պատվաստումը՝ նույնպես առաջինը ԵՄ երկրներից։

Ֆրանսիայում հունվարի 24-ից ուժի մեջ կմտնի պատվաստման անցագրի օրենքը՝ անցագիրը կպահանջվի հասարակական վայրեր, այդ թվում՝ տրանսպորտ մուտք գործելու համար։ Փետրվարի 2-ից փողոցում պաշտպանիչ դիմակ կրելու պահանջը չեղարկվում է։ Գիշերային ակումբները կբացվեն փետրվարի 16-ին։

Վարակների ռեկորդային թվի ֆոնին Շվեդիայի իշխանությունները մտավախություն ունեն անձնակազմի պակասի հետ կապված, ուստի սանիտարահիգիենիկ պահանջները մեղմացվել են. այսուհետ վարակվածները պետք է մեկուսացման մեջ անցկացնեն ոչ թե 7, այլ՝ 5 օր: Իսկ կենսական նշանակության ոլորտներում աշխատող մարդիկ կկարողանան շարունակել աշխատանքը, եթե վարակն անախտանիշ լինի։