«Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանը այսօր հուշագիր են ստորագրել ատոմային էներգաբլոկներ կառուցելու համագործակցության մասին։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում նշված է, որ «Ռոսատոմ» պետական կոորպորացիայի և Հայաստանի ԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն են հայտնում հայկական ԱԷԿ-ի տարածքում ռուսական արտադրության ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու հնարավորություններ մշակել։
Հուշագիրը ստորագրվել է Դուբայի «Էքսպո-2020» ցուցահանդեսում, որտեղ ներկայացված են փոքր հզորության ատոմային կայանների ռուսական տեխնոլոգիաներ։
Հայաստանի ԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ երկրի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը ապահովում է ատոմակայանը, որը 1977 թվականից «մաքուր և հուսալի» էներգիայի աղբյուր է։
«Շահագործման ժամկետը սպառվելուց հետո մենք ցանկանում ենք հետագայում ևս երկրի էներգաբալանսում ատոմային էներգիա ունենալ, և դրա համար առաջին հերթին դիտարկում ենք ռուսական ատոմային ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք աշխարհում առաջատար են հանդիսանում», - ասել է Մեծամորի ԱԷԿ-ի տնօրենը։