«Անպիտան հրթիռների» գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Ձախից աջ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել «անպիտան հրթռիների» գործով հրապարակային դատավարություն։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան դա իր բարի համբավի հարցն է համարում։ Այսօր դրա մասին դատական նիստի ընթացքում է խոսել, «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Արդեն երկրորդ օրն է նիստերը Գլխավոր դատախազության միջնորդությամբ ու դատարանի որոշմամբ դռնփակ են անցնում։ Լրագրողները դատավարությունը տեղում լուսաբանելու հնարավորություն չունեն։

«Սովորաբար քրեական գործերը գաղտնի, դռնփակ անցկացվելու մասով միջնորդություններ ներկայացնում են հենց պաշտպանները, մեղադրյալները, ամբաստանյալները։ Սա այն եզակի դեպքերից է, որ հենց գործով անցնող ամբաստանյալները, պաշտպաններն են ամեն կերպ փորձում հրապարակայնացնել դա։ Եվ չգիտես ինչու դատախազությունը և դատարանը, առանց պատշաճ հիմնավորումների, զուտ մեջբերելով, որ առկա է պետական գաղտնիքի խնդիր, փորձում են դռնփակ դատական նիստ անցկացնել», - ասաց Սերգեյ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, անգամ չի նշվում թե, գործով որ տեղեկությունն է պետական գաղտնիք համարվում։ Մինչև դատավարության մեկնարկը քրեական գործի հարուցման պատճառ դարձած հրթիռների վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ են հրապարակել հենց Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը։

Նիստը դռնփակ անցկացնելու դատարանի որոշումն է նաև պատճառը, որ դատավոր Մանվել Շահվերդյանին բացարկ էին ներկայացրել, որը սակայն մերժվեց։

Դատավորին բացարկ հայտնելու պատճառներից մեկն էլ ձեռքով մակագրմանն էր առնչվում։ Պաշտպանական կողմերը կասկած ունեն՝ գործը դատավորին ոչ թե այբբենական կարգով է փոխանցվել, այլ դատարանի նախագահն է այդ որոշումը կայացրել։

Գլխավոր շտաբի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, դատարանը փաստեր չի ներկայացրել, որ մակագրումը այբբենական կարգով է արվել. - «Այն դատավորները, որոնք անկախության մասով լուրջ հեղինակություն ունեն և անկախության երաշխիքներ են տրամադրում, իրենք չեն քննում հասարակական հնչեղություն ունեցող, իշխանությունների համար կարևորություն ունեցող, իրենց կողմից բազմաթիվ հայտարարություններով հանդես եկած գործերով իրենք որևէ դատաքննություն չեն իրականացնում։ Սա ակնհայտ փաստ է այլևս և սա նշանակում է, որ դատարանի նախագահն ընտրում է՝ այս գործը ունի հետաքրքրություն, ունի կարևորություն՝ կտա կոնկրետ դատավորին և չի տա այն դատավորին, ով որ անկախություն կապահովի»։

Դատարանը հիմա մեղադրյալների կալանքի հարցն է քննում. արդյո՞ք հիմքեր կան խափանման միջոցը փոխելու, թե՞ ոչ։ Այս գործով արդեն երեք ու կես ամսից ավելի կալանավայրում են առանձապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու մյուս բարձրաստիճան զինվորականները, նաև բանակին հրիթռները մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անպիտան հրթիռների» գործով դատական նիստը դռնփակ մեկնարկեց. պաշտպանները դրա համար հիմք չեն տեսնում

Այսօր, ի դեպ, դատարան էր եկել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Նա իր երաշխավորություն է առաջարկում Տոնոյանին ազատ արձակելու համար. - «Պարոն Տոնոյանին շատ լավ ճանաչելով... նաև անհեթեթ եմ համարում մարդուն, ում մենք վստահել ենք մեր պետության պաշտպանությունը, Պաշտպանության նախարար է եղել, էսօր պիտի մենք ինքներս վստահություն հայտնենք, որ պարոն Տոնոյանը չի խոչընդոտի նախաքննությունը, չի լքի երկիրը... անհեթեթություն է, իհարկե չի լքի։ Իհարկե, չի խոչընդոտի, խոչընդոտելու հնարավորություն էլ չկա, գործով գրեթե բոլորը կալանավորված են, ովքեր էլ կալանավորված չեն, բարձր պաշտոնյաներ են։ Էնպես որ, էստեղ խնդիր չեմ տեսնում»։

Այսօր դատարանում էին նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Քրիստինե Պոողոսյանը, վերջիններս հրաժարվեցին մեկնաբանություններից։

Գործով անցնող առանցքային դեմքերից միայն Գլխավոր շտաբի գործող պետն է ազատության մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավերելու միջնորդություն չէր ներակայցրել։ Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։

Քրեական գործի հարուցման պատճառ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, բանակին մատակարարված 4200 անպիտան հրթիռներ են եղել։ Մեղադրյալների պաշտպանները շարունակում են պնդել՝ հրիթռները անպիտան չեն եղել, դրանք անգամ փորձարկում չեն անցել։