Արևմտյան արձագանքը կախված կլինի Ռուսաստանի գործողություններից
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ Ռուսաստանին նախազգուշացրել է Ուկրաինա ներխուժումից՝ սպառնալով աղետալի հետևանքներով ռուսական տնտեսության համար։
Ռուսական ներխուժման սպառնալիքին, որի մասին Վաշինգտոնը հայտարարում է անցյալ տարվա աշնանից, Բայդենը նվիրել էր նախագահի պաշտոնը ստանձնելու տարեդարձին նվիրված երեկվա մամուլի ասուլիսի զգալի մասը:
Արևմտյան մեկնաբանները, սակայն, նկատում են` երկու ժամ տևած ասուլիսից հետո էլ չկա հստակություն, թե ինչ է անելու Վաշինգտոնը Ուկրաինայի դեմ նոր ագրեսիայի դեպքում։ Ընդ որում Բայդենը ասուլիսին ասել է, թե կարծում է` Ռուսաստանի նախագահը կդիմի նոր ագրեսիայի, ընդգծելով, թե այդուամենայնիվ, չի հավատում, որ Պուտինը ցանկանում է լայնածավալ ռազմական հակամարտություն: Ըստ այդմ, Բայդենի խոսքով՝ արևմտյան արձագանքը կախված կլինի Ռուսաստանի գործողություններից։
«Ես կարծում եմ, որ նա կսկսի գործել։ Նա պետք է ինչ-որ բան անի։ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի, եթե ներխուժի, և դա կախված է նրանից, թե ինչ կանի Մոսկվան: Մի բան է` եթե Ռուսաստանը սահմանափակ ներխուժում սկսի, և մենք պետք է որոշենք, թե ինչ անել։ Բայց եթե նրանք իսկապես անեն այն, ինչին ընդունակ են, Ռուսաստանի համար աղետ կլինի Ուկրաինա ներխուժելը»:
Արևմուտքը և Մոսկվան պարբերաբար հայտարարում են, թե իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանին չափազանց լարված է և կարող է դուրս գալ վերահսկողությունից, երեկվա ասուլիսին Բայդենը նույնիսկ միջուկային պատերազմից էր խոսել, նկատելով, թե լայնածավալ միջուկային պատերազմի դեպքում Ռուսաստանը չունի գերիշխող դիրքեր, և հույս է հայտնել, որ Պուտինը սա հասկանում է։
Ասուլիսի ավարտից հետո Սպիտակ տունը պարզաբանել էր, թե կոշտ արձագանք կառաջացնի Ուկրաինայի դեմ ռուս զինվորականների ցանկացած քայլ:
Առաջիկայում Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի, բայց ոչ ռուսների պահանջի պատճառով
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի խոսքով՝ եթե ռուսական զորքերն անցնեն Ուկրաինայի սահմանը, Միացյալ Նահանգները դա կընդունի որպես ներխուժում Ուկրաինայի տարածք, ինչին կհետևի Վաշինգտոնի և դաշնակիցների կոշտ պատասխանը։
Բայդենը չի ընդգծել, թե ինչ կոշտ քայլերի մասին է խոսքը, միայն ասել է, թե օրինակ` հնարավոր է` Ռուսաստանին արգելվի ցանկացած գործողություն դոլարի հետ։
Դեկտեմբերի կեսերին, հիշեցնենք, Մոսկվան Արևմուտքին նոր պահանջներ էր ներկայացրել, այդ թվում` երաշխիքներ է պահանջել, որ ՆԱՏՕ-ն երբեք չի ընդլայնվի Ուկրաինայի հաշվին։ Ժնևում և Բրյուսելում անցած շաբաթ անցել էին ռուս-ամերիկյան և Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություններ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել, իսկ Մոսկվան հայտարարել էր, թե գրավոր պատասխան է սպասում ամերիկյան կողմից մինչև այս շաբաթվա վերջ։
Բայդենը երեկ ասուլիսին ընդգծել էր, թե առաջիկայում Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի, բայց ոչ թե ռուսների պահանջի պատճառով, այլ որովհետև դեռ չի կատարել անհրաժեշտ պայմանները, սակայն սրա հետ մեկտեղ ասել էր, որ կարող է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի տարածքում ռազմավարական սպառազինություն չտեղակայելու ռուսական պահանջի հետ կապված հարցեր։
Կրեմլը դրական ազդանշան է որակել
Կրեմլը` ի դեմս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` Բայդենի այս հայտարարությունը դրական ազդանշան է համարել, նկատելով, թե նման տիպի ազդանշանները վկայում են Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի կողմից որոշակի հարցեր քննարկելու պատրաստակամության մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի համար հրամայական է Արևմուտքից անվտանգության երաշխիքներ ստանալը․ ՌյաբկովՄիևնույն ժամանակ Կրեմլի խոսնակն ընդգծել էր, թե լավ է, որ առաջիկայում Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցելու, սակայն Մոսկվան ավելին է ուզում, քանի որ Ուկրաինայի հարցը Մոսկվայի համար սկզբունքային է։
«Մոտ ապագայում ՆԱՏՕ Ուկրաինային չընդունելը չի նշանակում հրաժարվել Ուկրաինայի` դաշինքին անդամակցելու որոշումից միջնաժամկետ հեռանկարում։ Միջազգային հարաբերությունների զարգացման դիալեկտիկայի տեսանկյունից սա այլ բան է»:
Ռուսաստանցի վերլուծաբաններից շատերը գրում են, թե ԱՄՆ-ի և Եվրոպայի արձագանքը կարող է տարբեր լինել, քանի որ եվրոպական երկրներն այսօր չեն կարող մնալ առանց ռուսական էներգակիրների։ Բայդենը ասուլիսին ընդգծել է, թե դա փոխադարձ կախվածություն է, քանի որ Եվրոպայում սպառվող էներգակիրները կազմում են ռուսական բյուջեի 45 տոկոսը, նկատի ունենալով, թե Մոսկվան իր հերթին չի կարող հրաժարվել գազ վաճառել եվրոպական երկրներին։
Բլինքենը և Լավրովը վաղը կքննարկեն ուկրաինական հարցը
Ռուսաստանի և Արևմուտքի այս խոր առճակատումը վաղը քննարկելու են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Մինչ այդ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը ուկրաինական ճգնաժամը քննարկել էին երկու օր առաջ հեռախոսով։
Միացյալ Նահանգները պարբերաբար կրկնում է` լարված այս իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորություն դեռ կա:
Զելենսկին կոչ է անում խուճապի չմատնվել
Իսկ մինչ Վաշինգտոնը և Մոսկվան խոսում են Ուկրաինայի դեմ հնարավոր պատերազմի և դրան անխուսափելի հետևող լուրջ պատժամիջոցների մասին, երեկ ուշ երեկոյան հատուկ ուղերձով ուկրաինացիներին դիմել էր այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին և կոչ արել խուճապի չմատնվել` ռուսական լայնամասշտաբ ներխուժման սպառնալիքի պատճառով։ Զելենսկին անկեղծ հավատում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմ չի սկսվի, և որ մեծամասամբ հենց ուկրաինական լրատվամիջոցներն են խուճապ ստեղծում. «Պետք է արտաշնչել և հանգստանալ, չվազել հնդկաձավարի և լուցկու հետևից։ Ի՞նչ անել. միայն մեկ բան` պահպանել հանգստություն, սառնասրտություն, վստահություն սեփական ուժերի, սեփական բանակի և Ուկրաինայի նկատմամբ»։