Թուրքիան «Հայաստանին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին:

«Այս տարի մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինական 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ բոլորի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին, Եգիպտոսին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նախօրեին Անկարայի համալսարանում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն, խոսելով առաջիկա ֆորումի մասին, նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին մասնակցության հրավերներ է ուղարկել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներին, այժմ սպասում են պատասխանների: