Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին Daily Sabah-ի հետ զրույցում հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Նա [Էրդողանը] նույնիսկ հրավիրել է նրանց այցելելու Թուրքիա, եթե ցանկանում են, հանդիպում անցկացնեն այստեղ՝ կարգավորելու խնդիրներն ու տարաձայնությունները», - Քալընի խոսքերն է մեջբերում թուրքական թերթը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է «ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը թուլացնելու համար»։
«Եվ մենք դա անում ենք, քանի որ Թուրքիան բարեկամ երկիր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար, նաև՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակից», - ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։
Քալընի խոսքով, առաջիկայում Էրդողանը կայցելի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցելու համար։
Ավելի վաղ Մոսկվան կոշտ էր արձագանքել Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկներին։ «Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, որ Դոնբասի հակամարտությունը Ուկրաինայի ներքին խնդիրն է, և Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդության մասին խոսք լինել չի կարող․ ՌԴ ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում