ՆԱՏՕ-ն շուտով գրավոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին՝ ի պատասխան անվտանգության երաշխիքների Մոսկվայի պահանջի, և լուրջ բանակցություններ կառաջարկի սպառազինությունների վերահսկման ու թափանցիկության միջոցառումների վերաբերյալ, երեկ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Այս առաջարկություններում ՆԱՏՕ-ն սպառազինությունների վերահսկման, ռազմական գործողությունների ու հրթիռների տեղակայման թափանցիկության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ լուրջ բանակցությունների պատրաստակամություն կհայտնի։
Ավելի վաղ Մոսկվան անվտանգության երաշխիքներ էր պահանջել Արևմուտքից, այդ թվում՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի ընդլայնումից դեպի արևելք և արգելել մասնավորապես Ուկրաինայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի հետ բանակցություններ են անցկացրել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ այս շաբաթ Կիև այցից հետո Ժնևում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Ուկրաինայում լարվածության աճի ֆոնին: