Այսօր մեկնարկում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Ուկրաինա, Կիևից նա մեկնելու է Բեռլին, իսկ ուրբաթ օրը Ժնևում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ժնևյան հանդիպման մասին նախօրոք չէր հայտարարվել։ Հանդիպման մասին երեկ հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում։ Նրա ասելով՝ Բլինքենը փորձելու է հասնել Ուկրաինայի շուրջ լարվածության շուտափույթ լիցքաթափմանը, քանի որ մինչև հիմա Ռուսաստանը որևէ քայլ չի կատարել՝ ցույց տալու, որ Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրություն չունի։ Ավելին, Վաշինգտոնում կասկածում են, որ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Ռուսաստանի լայնածավալ հարձակումը ցանկացած պահի հնարավոր է։ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Բելառուսում ռուսական ուժերի ներկայությունը ոչ զորավարժություններ են, ոչ էլ` զորքերի սովորական տեղաշարժ։ Դա ուժի ցուցադրում է, որի նպատակն է հնարավոր ներխուժման համար ճգնաժամ ու կեղծ պատրվակ ստեղծել , ասել է նա։
ԱՄՆ-ի պետքարտուղարը, այցելելով Կիև, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելուց բացի, նաև հանդիպելու է ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին՝ ներկայացնելու Վաշինգտոնի հնարավոր քայերը իրավիճակի սրացման դեպքում։ Հավանաբար դեսպանատան ճակատագրի հետ կապված հարցեր՝ Ռուսաստանի ներխուժման դեպքում։
Կիևից պետքարտուղարը մեկնելու է Բեռլին, որտեղ հանդիպելու է Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի արտգործնախարարների հետ՝ շարունակելու ռուսական սպառնալիքների շուրջ քննարկումներն ու հնարավոր պատասխան քայլերը։
Մինչ Կիև այցելելը, նախօրեին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավովի հետ։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բլինքենը Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու համար ընդգծել է դիվանագիտական ճանապարհի կարևորությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջկանությանն ու ինքնիշխանությանը։
Բլինքեն-Լավրով հեռախոսազրույցի մասին Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում շեշտը դրված է անվտանգության երաշխիքների Մոսկվայի պահանջների վրա, որի վերաբերյալ Մոսկվան գրավոր պատասխան է պահանջում։
Անցած շաբաթ տեղի ունեցած ԱՄՆ-Ռուսաստան, ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցություններում իրավիճակի լիցքաթափման համաձայնություններ ձեռք չեն բերվել։
Մոսկվան պնդում է, թե չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա, բայց միաժամանակ չի հեռացնում Ուկրաինայի սահմաններին կուտակած ավելի քան 100-հազարանոց զորքերը։ Մոսկվայի գործողություններն ուղեկցվում են ագրեսիվ հռետորաբանությամբ, ինչն առաջացնում է Արևմուտքի մտահոգությունը։