Միացյալ Նահանգների մի խումբ հանրապետական և դեմոկրատական սենատորներ երեկվանից գտնվում են Կիևում, որտեղ հանդիպել են ուկրաինացի օրենսդիրների և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Սենատորները հայտարարել են, որ Ռուսաստանը կենթարկվի աննախադեպ ծանր պատժամիջոցների այն դեպքում, եթե համարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա:
«Մեզ համար, Ուկրաինայի և մեր ժողովրդի համար չափազանց կարևոր է այն, որ դուք այսօր սատարում եք մեզ», - ասել է Զելենսկին:
Կիևը և արևմտյան երկրները վերջին ամիսներին ահազանգում են Ուկրաինայի վրա ռուսների հնարավոր հարձակման վտանգի մասին, քանի որ ռուսական կողմը մոտ 100 հազարի հասնող բանակ է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ:
Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ իրավիճակը սրում են հենց Կիևը և Արևմուտքը, ու ընդգծում է, որ Ռուսաստանը սեփական տարածքում զորքերը տեղաշարժելու հարցում պարտավոր չէ հաշվետվություն ներկայացնել ուրիշներին: