Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորականի եղբորը։ Այսինքն՝ եթե պատերազմի ժամանակ զոհվել է հայրը կամ եղբայրներից մեկը, ապա ընտանիքի մյուս որդին, ըստ իշխանական պատգամավորի, կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից։
Այժմյան օրենքով զինծառայությունից ազատվում է այն զինակոչիկը, որի հայրը կամ մայրն է մահացել ռազմական գործողությունների ժամանակ, զոհված եղբայրների մասին օրենքում հիշատակում չկա։
Նախագծի հեղինակն այս մտքին եկել է 44-օրյա պատերազմի ավարտից հետո զոհվածների ընտանիքների հետ հանդիպումների արդյունքում։ Նախագիծը օրենք դառնալու դեպքում կվերաբերի մարտական բոլոր գործողությունների ժամանակ տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին։
«Այս խնդիրը ես վարչապետի հետ քննարկել եմ դեռևս մեկ տարի առաջ։ Տեղեկացա նաև, որ վարչապետին, նաև [վարչապետի] աշխատակազմին են բազմաթիվ նման նամակներ էկել՝ խնդրանքով, որ իրենց տղաներին հնարավորություն տանք չծառայելու», - հիմնավորեց Հայկ Սարգսյանը։
Նախագծում ներկայացված չէ հաշվարկ, թե փոփոխությունների հետևանքով օրենքը քանի շահառու կարող է ունենալ, սակայն, Հայկ Սարգսյանի պնդմամբ, այս կարգավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինի և անմիջականորեն չի ազդի զինծառայողների քանակի վրա. - «Կոնկրետ այս զորակոչին քսանհինգ մարդու վրա է տարածվում այդ օրենքը։ Այսինքն՝ մենք ունենք, պահեստազորը նաև հաշվի առնելով, հարյուր հազարից գերազանցող բանակ, և քսանհինգ անձ որ ազատվի բանակից այս հանգամանքով, էական ազդեցություն չի ունենա մեր զինծառայողների քանակի վրա և Զինված ուժերի հզորության վրա»։
Խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի ցանկանում կարծիք հայտնել առաջարկվող նախագծի վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մանրամասն կուսումնասիրեն նախագիծը՝ հասկանալու դրական կամ բացասական կողմերը։
«Պատվի ունեմ» խմբակցությունում էլ չեն շտապում գնահատակններ տալ։ Խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց, թե կսպասեն, որ նախագիծը պաշտպանության հանձնաժողովում քննարկվի. - «Եթե թիվը նվազում է Զինված ուժերում ծառայողների, դա վատ է։ Բայց ինչի՞ համար, ի՞նչ թվի մասին է խոսքը, ի՞նչ հետևանք կունենա, ես ուղղակի տեղյակ չեմ»։
Հայկ Սարգսյանի խոսքով, օրենք դառնալու դեպքում այն կգործի արդեն այս տարի ամառային զորակոչի ընթացքում՝ եթե օրենքի չափանիշներին համապատասխանող զինապարտը գրավոր դիմում ներկայացնի. - «Կան ընտանիքներ, ովքեր շատ ծանր վիճակում գտնվելով, նամակ են գրել, և ընտանեկան դրության հանգամանքով մեկ տարի ժամկետով երկարացվել է իրենց ժամկետային զինվորական ծառայության ժամկետը։ Կան բազմաթիվ զոհվածի հարազատներ, ովքեր այժմ էլ ծառայում են»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ում շատ են դիմում բանակում խնդիրների բախված, իրենց որդիներին կորցրած ծնողները, հիշեցնում է, որ նման հրամանագիր հիմա էլ գործում է։ Խոսքը 90-ականներին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրի մասին է, որը ստորագրվել է ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։ Հարցն այլ է, ընդգծում է իրավապաշտպանը՝ կամայական մոտեցումների հետևանքով պատերազմում զոհեր ունեցած ընտանիքների զավակները հետո հայտնվել են բանակում, և իրավապաշտպանների միջամտության շնորհիվ է, որ չի անտեսվել գործող կարգը։
«Եթե տանում են, ինչպես պատգամավորը ասում է, ուրեմն խախտում են օրենքը, որով չպիտի տարվի։ Մեզ զանգահարում են էլի ընտանիքներ, որոնք խնդիրներ ունեն տանելու հետ կապված։ Մենք ճշտել ենք Պաշտպանության նախարարությունից, որ օրենքը մինչև հիմա գործում է... էնտեղ զինկոմիսարիատը այլ խնդիրներ է առաջացնում։ Էդպիսի դեպքեր լինում են։ Մեկ տասնյակ դեպքեր կան, երբ երկու եղբայր են զոհվել, Պաշտպանության նախարարությունը չի առանձնացրել, որ երկու եղբայրներին միաժամանակ չուղարկի մարտական գործողության։ Այս տեսակ հարցերը կարելի է բարձրաձայնել»։
Ըստ իրավապշատպանի, պատգամավոր Սարգսյանի առաջարկը կարող է ընդամենը լրացում լինել գործող կարգավորումներին։ Ժաննա Ալեքսանյանը հորդորում է իշխանությանը իրապես զբաղվել բանակում առկա խնդիրներով, օրենքի ուժ տալ այն բացթողումներին, որոնք այսօր ակներև են. - «Երբ գերիները վերադառնում են Ադրբեջանից, նրանց բանակ չզորակոչեին։ Երբ որ զորակոչել էին դրանից առաջ երեք անձանց, մենք շատ հետաքրքրվում էինք, մեզ ասում էին, որ օրենքը չկա։ Հիմա ես ինքս կհորդորեի պարոն Հայկ Սարգսյանին էդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ»։
Պաշտպանության նախարարությունը դեռ դիրքորոշում չի հայտնել իշխանական պատգամավորի նախագծի վերաբերյալ։ Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար նախագիծը նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: