Գերմանիայի արտգործնախարարն այցելում է Կիև և Մոսկվա

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկ

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը Կիև և Մոսկվա այցերից առաջ վերահաստատում է Արևմուտքի պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ լարվածության հարցով:

Գերմանացի պաշտոնյան միևնույն ժամանակ ընդգծել է, որ Արևմուտքը «չի կարող և չի պատրաստվում զիջումների գնալ հիմնարար սկզբունքների հարցում, ինչպիսին են տարածքային ամբողջականությունը, դաշինքների և դաշինքների ընտրության ազատությունը և բռնության մերժումը որպես քաղաքական գործիք»:

Ուկրաինայի մայրաքաղաքում նախատեսված են Բերբոկի բանակցությունները նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Կիևից այսօր երեկոյան գերմանական դիվանագիտության ղեկավարը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ռուսաստանցի պաշտոնակցի հետ։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։
Ռուսաստանը այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից: