ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ հեռախոսով քննարկել են Ռուսաստանի հետ այս շաբաթ տեղի ունեցած եռափուլ բանակցությունների արդյունքները:
Բլինքենը և Ստոլտենբերգը նշել են, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատրաստ են նոր հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ:
«Պետական քարտուղարը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատրաստ են նորից հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչներին և հանձնառու են շարունակել երկխոսությունն ու դիվանագիտական փոխգործակցությունը», - հայտարարել է պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները և դաշնակիցները նախընտրում են խնդիրների կարգավորման դիվանագիտական եղանակը և Ռուսաստանին կոչ են անում անհապաղ ձեռնարկել Ուկրաինայի նկատմամբ շարունակվող ագրեսիայից առաջացած լարվածությունը թուլացնելու միջոցներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնում պատրաստ են շարունակել երկխոսությունը, եթե Մոսկվան պատրաստ լինիԱնցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է անվտանգության երաշխիքների շուրջ Միացյալ Նահանգների հետ պայմանագրի նախագիծ, որի դրույթներից մեկով Արևմուտքը պետք է պարտավորվի ՆԱՏՕ-ի անդամություն չշնորհել Ուկրաինային:
Այս տարվա հունվարի 10-ին Ժնևում հարցը քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալները, հունվարի 12-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը և հունվարի 13-ին Վիեննայում քննարկումները շարունակվել են ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում:
Այդ եռափուլ բանակցությունների ընթացքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև ի հայտ են եկել լուրջ տարաձայնություններ, որոնց հետևանքով որևէ առաջխաղացում չի արձանագրվել:
Միացյալ Նահանգներին և դաշնակիցներին մտահոգում է Ուկրաինայի վրա ռուսների հնարավոր հարձակման վտանգը: Վաշինգտոնում հայտարարել են, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը կենթարկվի աննախադեպ ծանր պատժամիջոցների:
Վերջին ամիսներին ռուսները շուրջ 100 հազարի հասնող բանակ են կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ: