Արարատի մարզպետի պաշտոնը հորից որդուն է անցել. «ցարական ժամանակներն են, պաշտոնը ցեղական է». բնակիչներ

Նույն աթոռին երկու օր առաջ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էր նստած, այսօր՝ նրա որդին Սեդրակ Թևոնյանը։ Վարչապետ Փաշինյանի որոշմամբ հունվարի 13-ից մարզպետի պաշտոնը հորից փոխանցվեց որդուն։

«Ժառանգական գնում է, բնական է, որ բոլորն էլ դեմ կլինեն։ Իրեն չեմ ճանաչում, բայց դեմ եմ տենց բանի»։ «Ցարական ժամանակներն էին, ցեղական է գնում, էս պետությունն է»։

Արարատի մարզի բնակիչների տպավորությունն է վարչապետ Փաշինյանի վերջին նշանակումից։ Նորանշանակ մարզպետի ու շարքային արարատցիների կարծիքը այս հարցում խիստ տարբեր է։ Ի՞նչ խնդիր կա, զարմանում է մարզպետը, ամեն ինչ նորմալ է. «Իհարկե, նորմալ եմ համարում, խնդիր չեմ տեսնում։ Այդպես է որոշվել, ես էլ պատրաստ եմ ծառայել իմ երկրին»։

Ժողովրդավարություն քարոզող Փաշինյանի թիմակիցներն էլ Թևոնյանի թեկնածությունը քննարկելիս չեն զարմացել, արտառոց ոչինչ չեն նկատել, վստահեցնում է մարզպետը։ Հորից որդուն պաշտոնը փոխանցելու Փաշինյանի որոշման մասին, ասում է, հեղափոխականներից ոչ մեկը հարց չի ունեցել. «Մենք այդպիսի քննարկում և խոսակցություն չենք ունեցել։

Ես թիմի անդամ եմ, և իմ թիմը որոշի՝ ես մարզպետ լինեմ, որոշել է, ուրեմն ես կաշխատեմ մարզպետի պաշտոնում»։

Արարատի մարզում էլ կան բնակիչներ, որ իշխանականների պես կարծում են, որ 21-րդ դարում հորից որդուն պաշտոնը փոխանցելը արտառոց չէ, բայց ի տարբերություն իշխող թիմի՝ այստեղ այլ կարծիքներ էլ կան, օրինակ, որ ժողովրդին արժեքներ խոստացած իշխանությունը վերադարձել է միջնադարյան կարգերին։

Մինչ մարզպետարան տեղափոխվելը Սեդրակ Թևոնյանը պատգամավոր էր, իշխող խմբակցության ամենալուռ պատգամավորներից։ Ազգային ժողովի դահլիճում նրան խոսելիս, նախագիծ քննարկելիս կամ հարց տալիս ոչ մեկը չի տեսել։ Գործի մարդ եմ, ասում է 31-ամյա նորանշանակը։ Նոր գործերից էլ խոսել չցանկացավ։ Դեռ շուտ է, այսօր աշխատանքային առաջին օրն էր։ Մեր հարցերին էլ դժվարությամբ համաձայնեց պատասխանել. «Ժամանակը ցույց կտա, և բոլորդ կտեսնեք, և մեր ժողովուրդը կտեսնի»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նախկին իշխանություններին շնորհավորում է, Փաշինյանի թիմը նրանց թողած ավանդույթները սրբորեն պահպանում է, հեգնում է Կարապետյանցը. «Ավանդույթները պահպանված են, անհոգ եղեք։ Սա վատ իմաստով, իհարկե, որովհետև սա բնորոշ է դիկտատորական, նախնադարյան, ֆեոդալական ժամանակաշրջանների, քաղաքակիրթ աշխարհում սա նորմալ չի»։

Այս իշխանությունը ժողովրդի քվեն ստացել է ժողովրդավարության, անվտանգության խոստումների դիմաց, բայց ամեն օր անցնում են կարմիր գծերը, քննադատում է իրավապաշտպանը. «Շնորհավորում եմ, մենք ունենք տեղական, փորք մասշտաբի Հեյդար Ալիև-Իլհամ Ալիև տարբերակներ, մարզի մասշտաբով։ Սարսափելի է, տխուր է, ես ուզում եմ, որ մեր հանրությունը մտածի, գնահատի այս իրավիճակը։ Սա այն մարդիկ են, ում դուք ձայն եք տվել, ումից ժողովրդավարություն, պաշտպանվածություն, տարբեր հարցեր եք տվել իրենց, կամ ձեզ խոստումներ են տվել, որոնք չեն իրականացվել»։

Իսկ ինչո՞ւ ավագ Թևոնյանին, որ 2020 թվականին էր մարզպետ նշանակվել, կրտսերով փոխարինեցին։ Որդի Թևոնյանը վստահեցնում է, որ հոր աշխատանքից դժգոհ չեն եղել, պարզապես ընտանեկան բիզնեսին է վերադարձել՝ կոնյակի, գինու գործարան ունեն։ Մարզպետի հաջորդ հավանական թեկնածուն՝ արդեն Սեդրակ Թևոնյանի որդին 8 տարեկան է, հայրը կատակեց, թե դեռ 20 տարի ունի. «Հա, մի 20 տարի հետո»։

Երեկվանից մարզպետարան տեղափոխված կրտսևե Թևոնյանը բուն անելիքները կսկսի հաջորդ շաբաթվանից։ Նեղ կուսակցական բացթողումներից կսկսի։ Կանդամագրվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, երկուշաբթի օրվանից աշխատասենյակում կկախի վերադասի՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։