Ռուբեն Ռուբինյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ

Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, արխիվ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Այսօր տեղի է ունենում հայ-թուրքական բանագնացների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով։ Հանդիպումը անցկացվում է Մոսկվայում՝ հայկական կողմի ցանկությամբ։

Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։