Մի խումբ գործող դատավորներ բարձրաձայնում են համակարգի և դատավորների նկատմամբ ճնշումների մասին

Մի խումբ գործող դատավորներ բարձրաձայնում են դատական համակարգի և դատավորների նկատմամբ ճնշումների մասին։ Այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների հանձնաժողովի հրավիրած նիստի ժամանակ այս մասին բարձրաձայնեցին թե՛ գործող դատավորները, թե՛ ընդդիմադիր պատգմավորները և թե՛ նիստին ներկա փաստաբանները։

Գլխավոր մտահոգությունը վերաբերում էր արդեն կես տարուց ավելի դատական գործերի «ձեռքով» մակագրման պրակտիկային։ Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը այստեղ քաղաքական հրահանգի խնդիր է տեսնում. «Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում քաղաքական ուղիղ հրահանգի արդյունքում, և ում անհրաժեշտություն կա կալանավորելու, արդեն նույնիսկ դատական ատյաններում դժվարություն չի առաջացնում այդ հարցը: Ձեռքով մակագրման վատ ավանդույթը շարունակվում է երկար ժամանակ, ստացվում է, որ երբ ում ինչ հանգամանքներում ցանկանան` կալանավորում են առանց դրա իրավական հիմքերի մեջ խորանալու»:

Խնդիրն առաջացել էր, երբ քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում ԱԱԾ-ն առգրավել էր դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագիրը։ Դրանից հետո դատարանների նախագահներն են անձամբ մակագրում գործերը դատավորներին։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը պնդում է՝ այս հարցն անմիջականորեն առնչվում է դատարանների անկախությանն ու անաչառությանը. «Արդյոք մեկ գործի կարևորությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր համակարգի, այդ համակարգչային ծրագրի աշխատանքը: Նույն ԲԴԽ-ն կարող էր ժամանակ խնդրել ծրագիրը փոխարինելու վերաբերյալ չէ՞, այլ ծրագիր գոնե ժամանակավոր գործեր, այդ պատահականության սկզբունքն ապահովելու ուղղությամբ կան բազմաթիվ գործիքակազմ, միջոցներ: Ինչո՞ւ չի արվել սա»:

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը Ռուսաստանի դեմ ՄԻԵԴ -ի նախադեպային որոշում է վկայակոչում, ըստ որի` արդար դատաքննության իրավունքը խախտված է համարվել այն հիմքով, որ ատենակալները ընտվել են ոչ թե վիճակահանությամբ, ինչպես օրենքն էր սահմանել, այլ նախագահի հրամանագրով երկարաձգվել էր գործող ատենակալների ժամկետը։ ՄԻԵԴ նախկին դատավորը մտահոգություն ունի, որ այս ընթացքում քննված գործերը եվրոպական դատարան հասնելու դեպքում կարող են նույն ճակատագրին արժանանալ։

«Քանի որ ութ ամիս չէր կարող անհաղթահարելի ու դիտարկվեր առգրավված լինելը, որով, իմիջիայլոց, առգրավման նպատակին էլ ուշադրություն դարձրեք, այն է, որպեսզի պարզվի` արդյոք համակարգչային մակագրման ընթացքում միջամտություն չի՞ եղել», - նշում է Գյուլումյանը:

Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին փոխանցել էր, որ ինքը կաշկանդված է մասնակցել նման քննարկման և որպես ներկայացուցիչ ուղարկել էր դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Խաչիկ Ղազարյանին։ Վերջինս պնդեց՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է. «Բարձրագույն դատական խորհուրդը այլ եղանակ և մեթոդ չունի տվյալ նախաքննության վրա ազդելու, տվյալ գործով առգրավումը չթույլատրելու, հետևաբար առգրավումը տեղի է ունեցել, այլ ծրագիր չունենք փոխարինող, որպեսզի այդ ծրագրով իրականացնենք», - պարզաբանեց նա:

Դատավորների շրջանում մյուս մտահոգությունը վերաբերում է իրենց նկատմամբ կարգապահական վարույթներին։ Շուրջ մեկ տասնյակ դատավորներ օրերս հայտարարություն էին տարածել ու պնդել, թե իշխանությունները չարաշահում են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը։ Ինքը` Կարեն Անդրեասյանը նշանակումից ամիսներ անց հայտարարել էր վեթթինգն արդեն սկսվել է ԲԴԽ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ։

Դատավոր Արման Հովհաննիսյանը նկատում է` վարույթներ, մինչդեռ, հարուցվում են համակարգում հեղինակություն ունեցող և համարձակ որոշումներ կայացնող դատավորների նկատմամբ. «Շատ լավ, եթե կան այդպիսի վատ, արատավոր դատավորներ, եթե կան, թող մաքրվի համակարգը, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ գործընթացներ: Հիմա սա վեթթինգ է, թե վեթթինգ չի, ես չեմ հասկանում` վեթթինգն ինչ է: Սա ինչ-որ գործընթացներ են, որ ինձ համար մի քիչ անհասկանալի է. հայտարարություններն ու նպատակները, իրենց ցանկությունները այլ բան են, բայց իրենց կատարած գործընթացները լրիվ այլ բանի մասին են խոսում»:

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Սահմանադրական դատարանում վիճարկելու են արդարադատության նախարարի` դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը։ Քննարկմանը հրավիրվել, բայց չէին ներկայացել իշխանական խմբակցության պատգամավորները։