Բրիտանիայի վարչապետը ներողություն խնդրեց լոքդաունի ժամանակ բազմամարդ հավաքին մասնակցելու համար

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների ժամանակ բազմամարդ հավաքին մասնակցելու համար։

Նա խոստովանել է, որ 2020-ի մայիսին Բրիտանիայում հայտարարված առաջին լոքդաունի ժամանակ կառավարության այգում մասնակցել է բացօթյա հավաքին։ Նրա հավաստմամբ՝ ներկա է գտնվել մոտավորապես 25 րոպե, որպեսզի շնորհակալություն հայտնի իր գրասենյակի աշխատակիցներին։

«Չնայած հիմա հետ նայելով ես պետք է այլ միջոցներ գտնեի շնորհակալություն հայտնելու համար, նույնիսկ եթե հավաքը կազմակերպվել էր գործող կարգի շրջանակներում, միլիոնավոր մարդիկ այդպես չէին մտածի»,- խորհրդարանում ասել է Ջոնսոնը և անկեղծորեն ներողություն խնդրել։

Ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Քեյր Սթամերն ասել է, թե Բորիս Ջոնսոնը պետք է հրաժարական տա, պնդելով, որ նա խախտել է համավարակի սահմանափակումները: