Ավելի քան 9 ժամ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնելուց հետո շիրակցի գերիների հարազատներին երեկ երեկոյան կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյա է ընդունել, «Ազատությանն» այս մասին հայտնեցին հանդիպմանը մասնակցած ծնողները` առանց հստակեցնելու, թե ով է այդ պաշտոնյան։
Արդեն մեկ տարուց ավելի ադրբեջանական բանտերում պահվող գերիներից մեկի մայրը՝ Նաիրա Կյուրեղյանն ասաց, որ շուրջ 1 ժամ տևած հանդիպմանն իրենք ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։
«Որոշել էինք, որ օրերով պիտի մնանք կառավարության դիմաց, մինչև մեզ պատասխան չտային հստակ», - նշեց նա:
Թե ո՞վ է կառավարությունում ընդունել հարազատներին, գործադիրից էլ չեն պարզաբանում։
2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից գերեվարված պահեստազորայինների ծնողներն ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էին, որ իրենք հունվարի 4-ին պետք է հանդիպեին Գյումրիում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն գործադիրի ղեկավարի չնախատեսված աշխատանքային զբաղվածության պատճառով հանդիպումը չեղարկվել էր։
Պահեստազորայիններից մեկի մոր խոսքով՝ իրենց ընդունած պաշտոնյան հուսադրող բան է ասել, թե հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ։ Ծնողները հիմա սպասում են, միևնույն ժամանակ մտահոգ են՝ հանկարծ սահմանային լարվածությունը չխանգարի գործընթացին. «Սպասման մեջ ենք, հուսանք, որ այս դեպքերը չեն խանգարի, որովհետև տեսնում ենք` սահմանը ինչ վիճակի է, ամեն ինչ նշանակություն ունի էլի»:
Թե երբ է սպասվում գերիների վերադարձը, ծնողներն ասում են՝ իրենց կառավարությունում կոնկրետ օր չեն ասել, սակայն հավաստիացրել են՝ հնարավոր է շուտով. «Մեզ պատասխանեցին, որ ամեն ինչ լավ կլինի, բավարարված եկել ենք հետ։ Կոնկրետ օր չեն ասել, բայց ասել են՝ շուտով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շիրակցի գերիների հարազատների մի մասը Նոր տարին կառավարության շենքի առջև է դիմավորելՇիրակցի գերների հարազատները նաև դեկտեմբերի 31-ին էին հավաքվել՝ Ամանորը կառավարության շենքի առջև դիմավորեցին։ Նույն պահանջներով նրանք ամիսներ շարունակ պայքարում են՝ որդիների վերադարձի գործընթացն արագացնելու հույսով։
44-օրյա պատերազմից շուրջ մեկ ամիս անց գերեվարված 62 շիրակցի պահեստազորայիններից 29-ն արդեն վերադարձել են հայրենիք, 33-ը դեռ Ադրբեջանում են։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել Հունգարիայի միջնորդությամբ։