Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալն այսօր հեռախոսազրույցի միջոցով քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է հայկական ԱԳՆ-ն` հավելելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են հայ-թուրքական երկխոսության գործընթացին, ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, և այս ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին` հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը:
Պետքարտուղարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Եվ Բայրամովը, և Միրզոյանը, ըստ հաղորդագրությունների, Քերըն Դոնֆրիդի հետ զրույցում խոսել են սահմանային վերջին լարման վերաբերյալ ևս:
Բայրամովը նաև ներկայացրել է եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը: