Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ըստ հայկական ռազմական գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 15։15-ի սահմաններում: Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Ադրբեջանական կողմն էլ հաղորդել է` հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։
«Հայաստանի ԶՈՒ կողմից Քելբաջարի շրջանի ուղղությամբ իրականացված գնդակոծության հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին այսօր զոհվել է ադրբեջանական բանակի պայմանագային զինծառայող Այազ Նազարովը», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հաղորդում է Քելբաջարի ուղղությամբ զինծառայողի մահվան մասին