Լեհաստանը 2022 թվականին ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը։ Երեկ կայացած հեռախոսազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ կապակցությամբ շնորհավորել է լեհաստանցի գործընկեր Զբիգնև Ռաուին։
Զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Միրզոյանը ներկայացրել է այս հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը՝ արտացոլված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հունվարի 6-ի հայտարարությունում: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Ղազախստանի պաշտոնական դիմումի համաձայն՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև՝ ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի վրա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը պահպանում է Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներԱրտգործնախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը, ընդգծել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի աջակցությունը համանախագահության ջանքերին՝ ուղղված հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հրատապ հումանիտար հարցերի լուծմանը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
2021-ին ԵԱՀԿ-ում նախագահում էր Շվեդիան։