Ադրբեջանցի զինծառայողները Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
Համաձայն հաղորդագրության՝ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և միջոցներ են ձեռնարկվել՝ «ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի պնդումները՝ նշելով, որ ադրբեջանական բանակը «չի կրակել քաղաքացիական անձանց և օբյեկտների ուղղությամբ»: