Շուշիի փրկված գորգերը մշտական հասցե չունեն

«Աստղը և Նուբարը կմեծանան ու ընտանիք կկազմեն», 1910 թվականին Իսկուհին այս անվանումներով գորգը գործել է, երբ թոռնուհին՝ Աստղը մի քանի տարեկան էր:

Այստեղ 350 տարվա ասեղնագործ շողշողուն աստղն է, որի մասին արտերկրի մասնագիտական ամսագրերն են գրել:


«Տողում գործած հինգ մետրանոց գորգը, որ կիսել ու երկու քույրերին օժիտ էին տվել, երկրորդ կեսը մի կերպ գտա», -ասում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը:

«Մի շվեդացի արդեն գումարի կեսը տված, ուզում էր տանել, դե այդ գորգավաճառը հասկացավ, որ ճիշտ է, որ մնա այստեղ», - պատմեց նա:

Այս մեկն էլ արցախցի Զիլին է գործել՝ իր մարդու՝ Գրիգորի համար: Շուշի, Ծմակահող, Կարմիր գյուղ, Տող, Շոշ. շքեղ ու երփներանգ գործվածքների կողքին արցախյան տեղանուններ են: Շուշիի գորգերի թանգարանի դժվարությամբ փրկված հավաքածուն՝ պատերազմի ավարտից 14 ամիս անց էլ մշտական հասցե չունի:

«Աշխարհում գորգերի միակ թանգարանն է, որտեղ բոլոր նմուշները ձեռք են բերվել բնօրաններից: Աշխարհում ոչ մի տեղ սենց թանգարան չեք կարա տեսնեք», - ասաց Ասծատրյանը:


Նախորդ տարվա փետրվարին Շուշիի գորգերի ժամանակավոր ցուցադրություն բացվեց Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: Գորգերի թանգարանի հիմնադիրն ասում է՝ ինքն էլ, Թամանյանի թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանն էլ հույս ունեին, որ մի մշտական անկյուն կգտնվի Շուշիի գորգերի համար, բայց չգտնվեց:

«Նոր տարվա նախաշեմին Մարկն ասաց, որ գորգերի ցուցադրությունը պետք է ավարտել, ես ասացի՝ ամեն ինչ հասկանում եմ, ինձ էլ հասկացեք, ես էլ եմ ինձ անհարմար զգում այս վիճակից, բայց սա մեր ժողովրդի ժառանգությունն է, սա արտառոց վիճակ է, մենք պետք է հասկանանք, որ ես ստեղից ուրիշ գնալու տես չունեմ, չգիտեմ՝ ինչ պիտի անեմ», - նշեց Վարդա Ասծատրյանը:

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը Հայաստանում չէ, զրուցել չկարողացանք: Ավելի վաղ լրատվամիջոցներին ասել էր՝ երջանիկ կլիներ, եթե տեղ ու հնարավորություն ունենար ու գորգերն ավելի երկար պահեր: Վարդան Ասծատրյանն հարցնում է՝ արդյոք հնարավոր չէ՞ մի քիչ սպասել, մինչև մի լուծում գտնվի. «Ասում եմ՝ եթե այստեղ նախատեսել եք ինչ-որ ցուցադրություն, ես էլի ոչինչ չունեմ, ես էլի շատ շնորհակալ եմ՝ մի տարի է մենք այստեղ ենք, մենք կարանք կա՛մ համադրենք, կա՛մ ինչ-որ մի կերպ անենք, էս գորգերը մնան ստեղ մինչև վերջնական լուծում լինի»:​


Շուշիում գործող պետական ու մասնավոր թանգարաններից, պատկերասրահներից այս պատերազմի ժամանակ ոչինչ չի տարհանվել, ամեն ինչ մնացել է արդրբեջանցիներին ՝ գորգերից բացի:

«Բոլորը ինչ-որ տրամաբանական բաներ են փնտրում այդ ամենի մեջ, այնտեղ տրամաբանություն պետք չի, պատերազմի, պատերազմական իրավիճակում մարդիկ չեն կարողացել համապատասխան արձագանքել», - ընդգծեց նա:​

Վարդան Ասծատրյանն է Շուշիում գորգերի թանգարանի հիմնադիրը, ասում է՝ երբ արկերի տակ փորձում էր այս ժառանգությունը հեռացնել քաղաքից՝ Արցախի պարետը իրեն Արցախից մի քանի ժամով դուրս գալու թույլտվություն չտվեց, կարողացել է Հայաստան ուղարկել՝ 300 գորգերի կեսը, և այդ կեսն այժմ անտուն է մնացել:

Ինչո՞ւ, Կրթության, մշակույթի նախարարությունը պատասխանն ունի. «Պատերազմից հետո ԿԳՄՍՆ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պարոն Ասծատրյանի հետ, քննարկել են Արցախի գորգերի հետագա ճակատագիրը: Նրան առաջարկվել է գորգերը Պատմության թանգարանում կամ Սարդարապատի թանգարանում, նաև Շարամբեյանի անվան թանգարանում, սակայն պարոն Ասծատրյանը չի ընդունել այս առաջարկները»:​

Վարդան Ասծատրյանն ասում է՝ Պատմության թանգարանում՝ գորգերն ի պահ էին տրվել մինչև այս ցուցադրությունը, այժմ այնտեղ նորոգում է ընթանում, մյուս երկու թանգարանները Շուշիի գորգերի համար ուղղակի սպառնալիք են, որովհետև այնտեղ ցեց կա, գնացել է, տեսել է. «Լուրջ ցեցի վարակ կա և՛ Շարամբեյանի թանգարանում, և՛ Սարդարապատի թանգարանում, որն ամենակարևոր պատճառն է, որ ես իրավունք չունեմ այս գորգերը տանել այնտեղ, որտեղ ցեց կա»​:

Ըստ Ասծատրյանի՝ գերատեսչության պատասխանատուները կա՛մ տեղյակ չեն ցեցի մասին, կա՛մ լուրջ չեն ընդունում: Ասում է՝ իր գորգերը խնամված, դեղորայքային բուժումներով անցած ու պարբերաբար արև վայելած գորգեր են:

«Դա եզակի արժեքավոր հավաքածու է, ամբողջ աշխարհում կերազեին այդպիսի մշակույթ ունենային, դա արժեքային համակարգ է», - ասաց Արցախի կրթություն, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:​

Կգտնենք մի արժանապատիվ, լավ տեղ մեր գորգերի համար, վստահ ասում է Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, բայց հստակ հասցե առայժմ ինքն էլ չունի. «Սկզբունքային է մեզ համար, դա մեր եզակի ցուցանմուշների հավաքածու է, եզակի իր տեսակի մեջ»:​

Նախարար Ղարախանյանը շեշտում է՝ գորգերը անպայման կտեղափոխվեն Արցախ, պարզապես այս պահին շինությունների պակաս կա, եկող շաբաթ կբանակցի հայաստանյան գործընկերոջ հետ, որպեսզի մի քիչ էլ համբերեն. «Պետք է անպայման պարոն Դումանյանին տեսնեմ, խոսեմ, տեսնենք՝ կարող ենք մի քիչ էլ պահել, չնայած այդ շենքը պատկանում է կառավարությունը, ոչ թե ԿԳՄՍ նախարարությանը»:​

Նաև Շուշիի գորգերով է Արցախի հայկականությունը պահպանվում, ասում է Լուսինե Ղարախանյանը: Վարդան Ասծատրյանը շեշտում է՝ Հայաստանում, թե Արցախում՝ միայն թե թանգարանը պահպանվի: Ի դեպ՝ Ադրբեջանն արդեն ՅՈւՆԵՍԿՕ է հասցրել բողոքը, թե այս ամենը առևանգված ադրբեջանական մշակույթ է:

Ճարտարապետության թանգարանի ցուցասրահում միշտ այցելուներ կան՝ Ռուսաստանից եկած Ինան այստեղ իր Քնարիկ տատիկի գործած գորգի նախշերն էր փնտրում:

Իննան ասում է՝ Շուշիում տարիներ առաջ է եղել, գորգերի թանգարան այդ ժամանակ չէր մտել, հիմա այս գորգերով մտքով վերադառնում է Շուշի: