Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում, երեկ գրեթե միաժամանակ հայտնեցին թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները։ Առայժմ երկու երկրներն էլ չեն մանրամասնում, թե ինչ կազմով ու օրակարգով է կայանալու հանդիպումը։
Հայտնի է միայն, որ Հայաստանի բանագնացը Թուրքիայի հետ բանակցություններում լինելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով մինչև օրս այս թեմայով որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Այսօր ևս նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` առաջին հանդիպումը ավելի շուտ ճանաչողական է լինելու, և մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։
«Ես կարծում եմ` բանակցությունները երկարատև կլինեն, հեշտ չեն լինի, որովհետև որքան ես հասկանում եմ, թուրքական կողմը պնդելու է իր պահանջների, նախապայմանների վրա: Պետք է հուսալ, որ հայկական կողմն էլ չի ընդունի այդ պահանջները», - ասաց նա:
Սաֆրաստյանի համոզմամբ` Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի մասով չի փոխվել, և բանակցություններին դարձյալ ներկայացվելու են Անկարայի հայտնի երեք նախապայմանները՝ Հայաստանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը 1921 թ. Կարսի պայմանագրին և ճանաչի Հայաստանի և Թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության հետապնդումից և Արցախից: Այս ամենին, ըստ թուքագետի, միացել է չորրորդ պահանջը՝ այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
«Այդ խնդիրը քննարկվում է եռակողմ ձևաչափով` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան: Հիմա Թուրքիան է կարծես թե այս երկու կողմերի միջև միջպետական բանակցությունների միջոցով փորձում այդ խնդիրն առաջ տանել: Ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես կնպաստի այդ խնդրի լուծմանը», - ասաց թուրքագետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են մոտ ապագայում «3+3» ձևաչափում նոր հանդիպում կազմակերպելՀայ-թուրքական բանակցությունների այս ձևաչափը ինչ-որ չափով կրկնում է «3+3» և եռակողմ ՝ Հայաստան -Ադրբեջան - Ռուսաստան ձևաչափերին, ասում է թուրքագետը, ում կարծիքով` հիմնական խնդիրներն ամեն դեպքում կլուծվեն հենց եռակողմ՝ Հայաստան -Ադրբեջան - Ռուսաստան ֆորմատով։
Անկախ Թուրքիայի օրակարգից, Հայաստանը պետք է ձգտի առաջ տանել իր օրակարգը` այն է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մեկնարկը, վստահ է Սաֆրաստյանը. «Մինսկի խմբի համանախագահողները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նախորդ բանակցային գործընթացների ժամանակ նման պատկեր չի եղել, և ես կարծում եմ` պետք է մեր դիվանագիտությունը փորձի այս հանգամանքը օգտագործել. պետք է համագործակցեր այդ երեք երկրների հետ, որ նրանք ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը գոնե սկսվի, առաջ գնա: Պետք էր փորձել այս պահն օգտագործել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ստում է, միջանցք է տալու Ադրբեջանին. Արթուր ԽաչատրյանՀայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման այս հերթական փորձին բավականին սուր արձագանքեց խորհրդարանական ընդդիմությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ավելի վաղ «Ազատության» եթերում հայտարարել էր՝ համոզված է, որ հայկական կողմն արդեն իսկ ընդունել է Թուրքիայի նախապայմանները. «Մենք կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, բայց մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունները գնում են նախապայմանների բավարարմանը:
Դու ունես Հայաստան և ունես Թուրքիա, որոնց բանակցային հզորությունները շատ տարբեր են, և ակնկալել, որ Հայաստանը կարողանար ազդել Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան իր դիրքորոշումը փոխի, իրատեսական չէ»:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը այս քննադատությունները ոչ կառուցողական է որակում, հակադարձում է՝ մի՞թե պետք է թողնել, որ մեր փոխարեն այլ ուժեր խոսեն Թուրքիայի հետ։ Վերահաստատում է նախկինում հնչեցրած իրենց դիրքորոշումը բանակցությունների գնալ առանց նախապայմանների. «Տարիներով գոյություն ունեցող հիմնական ակնկալիքը սահմանի բացումն է և հարաբերությունների, երկխոսության հաստատումը: Նայեք, աշխարհում շատ երկրներ կան, որ իրար հետ խնդիրներ ունեն` նույն Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, միմյանց նկատմամբ սանկցիաներ են կիրառում, ահռելի խնդիրներ ունեն և վատ հռետորաբանություն, բայց միևնույն է` իրար հետ խոսում են: Մենք էլ մեր անմիջական հարևանների հետ պետք է խոսենք»:
Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, որը 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատում: 63-ամյա դիվանագետը 2010-2012 թվականներին զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։